Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ, ՓՄՁ-ն թաքցնելու բան ունի, ստվերից դուրս չեն գալիս. ՊԵԿ նախագահ
Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ, ՓՄՁ-ն թաքցնելու բան ունի, ստվերից դուրս չեն գալիս: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով հաջորդ հարցին, թե ՊԵԿ-ն ինչու է գնում միայն տեսուչի արձանագրության հիման վրա ու գործարարների, բիզնես ներկայացուցիչների վրա տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամների վարչական ակտ են կազմում, որը քրեական վարույթի հիմք է կազմում և ՔԿ-ն տանում է կալանավորման և որպեսզի գործարարները չկալանավորվեն ՝ տարբեր տեղերից գումարներ են հայթայթում ՝ միայն թե չնստեն և արդյո՞ք ՊԵԿ նախագահն այս գործելաոճը նորմալ է համարում և ՊԵԿ-ը տեռորի միջոցով է փորձում բյուջեն լցնել հարցին՝ պատասխանեց.
«Ինչ վերաբերում է շանտաժ և տեռոր արտահայտություններին՝ խորությամբ չկա դրա ընկալումը, թե դա իրենից ինչ է ներկայացնում, մենք դրանով չենք զբաղված, անկեղծ ասած դրա ժամանակն էլ չունենք չենք էլ ուզում ունենանք, որովհետև եթե մենք խոսում ենք հարկ վճարողի վերաբերմունքի փոփոխության մասին, և ես ասում եմ, որ հարկ վճարողին վերաբերվում եմ որպես ընտանիքի անդամ՝ հետևաբար նման բառերը երբեք տեղի ունենալ չի կարող և ես կառաջարկեմ դուք էլ այդ բառերը չօգտագործել», -ասացղ ՊԵԿ նախագահը:
Հակոբյանի խոսքով՝ ստվերի դեմ պայքարը կոշտություն պետք է ունենա: «Այսինքն, եթե գործ ունենք անօրինականության հետ՝ պետք է կոշտություն լինի, իսկ ինչու պետք է կոշտություն լինի ընդհանրապես, որովհետև բազմաթիվ օրինական հարկ վճարողներ կան, որոնք դրա ակնկալիքն ունեն, որովհետև իրենց կողքին գործում են անօրինականներ, և ստվերում գործող սուբյեկտներ, իրենք կորցնում են իրենց մրցունակությունը, և կարիք կա կոշտ գործելու, որ իրենք հասկանան, թե ինչ է նշանակում լինել հզոր ՊԵԿ ծառայություն: Հիմա երկու անգամ ավելի քիչ ենք անհանգստացնում մարդկանց, դա անում ենք ոչ թե շանտաժի ճանապարհով, այլ վերլուծությունների ճանապարհով», -ասաց ՊԵԿ նախագահը: