Երևանի քաղաքապետարանը կարևորում է 2024-ին 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումը
Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է նախորդ տարի 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը։
Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը, խոսելով կատարված աշխատանքի մասին, շեշտեց՝ երկրորդ տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն։
«Պատրաստվել է 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը։ Հիմնական ծավալով աշխատանքներն ավարտվել են։ Բարելավումներն ու արդիականացումը շարունակական են։ Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսի ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, այժմ ֆինանսավորման և ՀՀ կառավարության հետ բանակցությունների գործընթացքում ենք»,-ասաց նա ու հավելեց՝ բարելավել են երթևեկության կարգավորման ենթակառուցվածքները։
Անդրադառնալով շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում կատարված աշխատանքներին՝ Անետա Բաբայանն ասաց, որ իրականացվել են 50 կմ ճանապարհների վերանորոգում, հետիոտնային տարածքների բարելավում, 123 բակային տարածքի վերանորոգում ու բարելավում, բազմաբնակարան շենքերում վերելակների փոխարինման ծրագիր, որն ընթանում է ու շարունակական բնույթ է կրում, խելացի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ և Երևանի գլխավոր հատակագծի հաստատումը ավագանու կողմից։