չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Երևանի մաքսասրահում հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլ․ համակարգի միջոցով

Երևանի մաքսասրահում հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլ․ համակարգի միջոցով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում, 2025 թվականի հունվարից մաքսային մարմնում մեկնարկել է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման գործընթացը։

Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 18-ից Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ (մաքսային մարմնի ծածկագիր` 05100010)  ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հեռավար եղանակով։ Ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես կստանա  էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ և կիրականացնի անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանան ծանուցում: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով  ժամանող և մեկնող բեռների գծով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն արդեն իսկ իրականացվում է «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով Կոմիտեն հայտարարատուներին հորդորում է՝ նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի հունվար ամսվա ավարտը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգին անցում կկատարեն նաև  Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, ինչի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

  • Կիսվել: