հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Չախոյանի հայտարարությունների հետևից թող իրավապահները գնան, նրա նշած մարդիկ այլևս չեն աշխատում. Կոստանյան

Չախոյանի հայտարարությունների հետևից թող իրավապահները գնան, նրա նշած մարդիկ այլևս չեն աշխատում. Կոստանյան

Քանի որ հայտարարությունը եղել է հրապարակային, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի հրապարակմանը, որտեղ նա պնդում է, որ մանկապարտեզների մրցույթներից մեկում մի ընկերություն է շահել, բայց քաղաքապետարանից կանչել են, ճնշել են, պարտադրելով հրաժարվել ի օգուտ «Լիլանարմ» ընկերության։

«Ես տեսել եմ էդ ռեպորտաժը, բայց նայեք, բայց մեկնաբանելու համար ես առնվազն գոնե էն մարդկանց, ում մեղադրանք է ներկայացնում, պետք է գոնե էս պահին Երևանի քաղաքապետարանում աշխատեին, որպեսզի ես կարողանայի իրենցից էդ մասով պատշաճ մեկնաբանություն ստանալ, որովհետև էն պաշտոնյաների անունը, որ տալիս է, դրանք քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Ես կդժվարանամ էդ մասով  որևիցե ինֆորմացիա տալ, որ այո, նման բան եղել է, կամ ոչ, նման բան չի եղել։ Այդ առումով ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի այն մարդկանց անունները, որ տեսանյութում տրվում է, իրենցից էլ պարզաբանումները ստանալ»,–ասաց նա։

Հարցին՝ քաղաքապետարանը ներքին քննություն չի սկսե՞լ այդ հայտարարության մասով, Կոստանյանը պատասխանեց. «Հանրային խոսք է հնչել, եթե մենք բոլորս լսում ենք դա, մենք մտածում ենք, որ ուրեմն սա քրեական գործի  պատրաստ թեմա է։ Ես կարծում եմ, քանի որ հայտարարությունը եղել ա հրապարակային, մեր իրավապահ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Հիմա ինչքան էլ մենք մեր մեջ քաղաքապետարանում հասկանանք, որ այո, նման բան եղել է, թե նման բան չի եղել, քանի որ հրապարակային է, ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է գնան այդ հայտարարության հետևից և վերջնարդյունքում պարզեն՝ դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ»։

 

  • Կիսվել: