շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բուխանկա, լավաշ, մատնաքաշ. հիմա էդ «էլեկտրական հացի» բոլոր տեսակներն արևայինը արտադրում է. Փաշինյան

Բուխանկա, լավաշ, մատնաքաշ. հիմա էդ «էլեկտրական հացի» բոլոր տեսակներն արևայինը արտադրում է. Փաշինյան

Մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեր աշխարհագրական դիրքում ոչ մի բան չի փոխվել, բայց  այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք և այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման, ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, և դա արևն է։

Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։  Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ որ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։

Բայց սրա համար առաջին հերթին պետք է էներգետիկ մտածողության փոփոխություն։ Ես հիշում եմ այս շենքում առնվազն հինգ-վեց քննարկում, որտեղ մենք խոսել ենք այս թեմաների մասին և արձագանքն եղել է այն, որ չէ դա չի լինի, դա հնարավոր չի և բերվել են բազմաթիվ բանաձևեր։ Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետև մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում, քաղաքական կամք ենք ցուցաբերել և այդ քայլն արել ենք»,–ասաց Փաշինյանը։

Նա կրկնեց իր նախկինում ասած միտքը, որ մի կողմից քննարկում են նոր ատոմակայանի ստեղծման հարցերը, մյուս կողմից այս ընթացքում ՀՀ–ում երկու հատ Մեծամորի ատոմակայան են «ստեղծել»՝ հանձինք արևային կայանների։

«Վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով արդեն իսկ արտադրվում է և՛ակտիվ, և՛ ռեակտիվ և մնացած բոլոր էներգիաները։ էն որ հացի տեսակներ կան՝ լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էդ էլեկտրական հացի բոլոր տեսակները արևային էներգետիկան արտադրում է։ Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի երբ արևը եկավ, իր էներգիան վերցնենք և մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: