ԲՐԻԿՍ-ի հնարավորություններից օգտվելը կամ այլ կարգավիճակով այդ սխեմաներին մասնակցելը բխում է մեր երկրի շահերից. Թունյան
Հայաստանը կարող է ինտեգրվել ցանկացած միջազգային սխեմայի, որը բխում է իր շահերից. Կոնկրետ ԲՐԻԿՍ-ի մասով ինչ որոշում կկայացնի, ես չեմ կարող ասել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը մտադրություն հայտնի անդամակցելու ԲՐԻԿՍ-ին:
«Կարծում եմ՝ թեկուզ չանդամակցենք որեւէ կառույցի, այդ կառույցի հնարավորություններից օգտվելը կամ որեւէ այլ կարգավիճակով այդ սխեմաներին կամ մեխանիզմներին մասնակցելը բխում է մեր երկրի շահերից, որովհետեւ աշխարհը գնում է սահմանների հեշտացման: Այսինքն սահմանները պետք է խոչնդոտ չհանդիսանան միմյանց հետ նորմալ հարաբերություններ կառուցելու համար»,-ասաց նա: