ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին. Փաշինյան

Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ-ն ունի 21,8 տոկոս փայաբաժին՝ իմ տված խոստման համաձայն: Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«2018-2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն՝ 2011-2017 թվականների հետ համեմատած: Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում:

Բայց սա ամենը չէ, 2024-ին ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե, այսինքն՝ միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար հետևողական գործողությունների արդյունքում, որը, ընդ որում, միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին, միայն ԶՊՄԿ-ով՝ 1 մլրդ դոլար:

Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի Ամուլսարի պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը, ՀՀ-ի՝ 12,5 տոկոս փայաբաժին ձեռք բերելը և ազդակիր համայնքներին տարեկան 7 մլն դոլար հավելյալ գումար վիճարկելու պարտավորության արձանագրումը, «ՎիվաՍել» ընկերության վաճառքն ու Կառավարության՝ 20 տոկոս փայաբաժին ձեռք բերելը: «Վիվա Արմենիա» ընկերությունն էլ 2025-ին, բացի վճարված հարկերից, պետբյուջե է վճարել 2 մլրդ դրամ փայաբաժին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց վերոնշյալ ընկերություններին, որոնց հետ Կառավարությունը համասեփականատեր է:

Փաշինյանը նաև նկատեց, որ այս գործընթացում ոչ միայն չի վնասվել ՀՀ պետականությունն ու միջազգային հեղինակությունը, այլև ամեն ինչ արվել է օրինականորեն և անցնցում՝ 100 տոկոսով հավատարիմ մնալով 2018-ի հեղափոխության ընթացքում տրված խոստումներին, այն է՝ «չբեմադրել վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ հավատարիմ մնալ պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին»:

  • Կիսվել: