երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Այո՛, խնդիրը կա, ու մեր տնտեսվարողները ճիշտ են. Պապոյանը՝ Վրաստանի դեսպանատան մոտ խմիչք արտահանողների ակցիայի մասին

Այո՛, խնդիրը կա, ու մեր տնտեսվարողները ճիշտ են. Պապոյանը՝ Վրաստանի դեսպանատան մոտ խմիչք արտահանողների ակցիայի մասին

Ինչո՞ւ են տնտեսվարողները ցույց անում Վրաստանի դեսպանատան դիմաց, որովհետև իրենք էլ են հասկանում, որ խնդիրը ՀՀ կառավարությունը չէ, և որ խնդիրը ՀՀ-ում չէ: Հիմա ակտիվ աշխատանքի մեջ ենք, տարբեր սցենարներ, իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի գործընկերների հետ, և, իհարկե, գործարար համայնքը ևս իր մեթոդներով, կապերով նույն քննարկումների մեջ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե լուծման ինչ փուլում է ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ ալկոհոլային խմիչքներ արտահանող տնտեսվարողների խնդիրը, որոնց ապրանքը շաբաթներով մնում է տարանցիկ երկրում իբր նմուշառման համար, բայց որի իրավունքը, ըստ պատգամավորի, Վրաստանը չունի:

«Առաջիկայում չեմ բացառում, որ ևս մեկ անգամ ես այցելեմ Վրաստան, և տեղում ևս մեկ անգամ քննարկենք, որովհետև ի տարբերություն մյուս ապրանքների, որոնց դեպքում մենք հաջողությամբ հարցը լուծել ենք (տեքստիլի մասին արդեն ասացի, ալյումինի մասին, ծաղիկի մասին), այո՛, կոնյակի, սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ: Այո՛, խնդիրը կա, ու կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:

  • Կիսվել: