Աշխատավարձ չեն տալիս. բունտ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները բունտ են անում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին գործարանի աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ իրենք դեռ չեն ստացել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, գործարանի մի շարք վարորդներ ազատվում են աշխատանքից։
«Գործարանի 1300 աշխատակիցներից ոմանք վարկեր ու պարտքեր ունեն, և հիմա չգիտեն՝ ինչ անել։ Հարցնում ենք՝ ե՞րբ են վճարելու մեր աշխատավարձերը, ասում են՝ չգիտեն։ Բացի այդ, նոր մեքենաներ են բերել՝ հանքավայր հումք տեղափոխելու համար, նոր վարորդներ են վարձել»,- ասաց մեր զրուցակիցը։
Աշխատակցը նաև ասաց, որ գործարանի մի հատվածն այս պահին դեռ աշխատում է, բայց հնարավոր է՝ այնտղ ևս դադարեցվեն աշխատանքները.
«Չգիտենք՝ ինչքան կտևի այս վիճակը, քանի որ ժողովուրդը ցեմենտավոզներին չի թողնում հումք բարձեն, ճանապարհը փակել են…»:
Հարցին՝ փորձե՞լ են խնդրի մասին Գագիկ Ծառուկյանին հայտնել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց.
«Ծառուկյանը շատ լավ էլ տեղյակ է խնդրից, ավելին, այստեղ ինչ կատարվում է հենց իր դաբրոյով է: Տնօրենը՝ Գոռը, Ծառուկյանի մորքուրի տղեն է...»:
NEWS.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: