երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն կատարել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի կարիքների գնահատումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն կատարել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի կարիքների գնահատումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն կատարել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի կարիքների գնահատումը։

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը, Նախարարության աշխատակիցը տնայց է իրականացրել Էուլջեքչյանների ընտանիք, կատարել է կարիքների գնահատում, պարզվել է, որ ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ և այժմ դիտարկվում է դրանց բավարարման հարցը։ «Մենք նաև դիտարկում ենք Էուլջեքչյանին հաշմանդամություն տրամադրելու հարցը՝ կախված նրա առողջական վիճակից ու բուժննության արդյունքներից։ Պետք է նշեմ նաև, որ ընտանիքը ունի հոգեբանական աջակցության խնդիր, քանզի Էուլջեքչյանները գտնվում են սուր էմոցիոնալ վիճակում և մենք դիտարկում ենք նաև այդ ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու հարցը»,- նշեց Կոստանյանը։

Նա նաև հավելեց, որ որպես հրատապ աջակցություն ընտանիքին առաջարկվել են սննդամթերքի փաթեթներ, սակայն Էուլջեքչյանները հրաժարվել են այդ օգնությունից։ «Ամեն դեպքում Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են լինելու Էուլջեքչյանների հետ»,- հավաստեց Կոստանյանը։

Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը պարբերաբար ահազանգում է ընտանիքի ծանր սոցիալական վիճակի մասին։ Նա, մասնավորապես հավաստում է, որ ընտանիքը որևէ սոցիալական աջակցություն չի ստանում և իրենց վիճակն ամեն օր վատթարանում է։

Հավելենք նաև, որ մինչ գերությունից ազատվելը գերիների և Բաքվում անազատության մեջ պահվող անձանց ընտանիքները ստանում են ամսեկան 300 հազար դրամ պետական աջակցություն։

  • Կիսվել: