երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Առաջիկայում պիտի կողմնորոշվենք՝ ում հետ և ինչ ատոմակայան ենք կառուցելու, գործողի ռեսուրսը սպառվում է. Փաշինյան

Առաջիկայում պիտի կողմնորոշվենք՝ ում հետ և ինչ ատոմակայան ենք կառուցելու, գործողի ռեսուրսը սպառվում է. Փաշինյան

Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավարության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա առավել քան իրատեսական է, բոլորովին վերջերս է դարձել իրատեսական՝ պայմանավորված վերականգնվող, մասնավորապես արևային էներգետիկայի զարգացման հանգամանքով։ Հայաստանը արևային հսկայական ռեսուրս ունի, և մենք այդ ռեսուրսը զարգացրել ենք 2018 թվականի թվերին։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 16 մեգավատի դիմաց այսօր մենք ունենք 1213 մեգավատ արևային էլեկտրակայաններ և հիմա այս գործընթացի հետագա զարգացումը ապահովելու համար մեկնարկելու ենք էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի դրանք հավաքելով ցերեկ արտադրված արևային էներգիան, գիշերը մատակարարեն մեզ անհրաժեշտ էլեկտրական հոսանք։

Իհարկե, այս պրոցեսը ժամանակ կտանի և պլանավորում ենք մինչև 2031 թվականը առնվազն 800 մեգավատ կուտակիչ կայան ունենալ, որը շուրջ երկու անգամ գերազանցում է գործող ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև, ինչպես գիտեք, 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է։

Ի դեպ, ատոմակայանի փակումը, որպես դե յուրե պարտավորություն, Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ, նախորդ իշխանության օրոք, 2017 թվականին։

Չնայած, պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո ևս մեկ անգամ երկարացնել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը, և մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։

Նման որոշում, իհարկե, կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ և համաձայնությամբ։ Մենք այս թեմայի շուրջ արդեն բավականի երկար ժամանակ աշխատում ենք։ 

Էներգետիկան այն ոլորտն է, որտեղ զարգացումները առավել քան դինամիկ են, և մենք պետք է ուսումնասիրենք մեր երկրում էլեկտրական էներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները՝ գեոթերմալ տեխնոլոգիաներից սկսած, կանաչ ջրածնով ավարտած։ Ի դեպ, ջրածնի արտադրությունը շատ երկրներում հիմա արդեն փորձարկվում և կիրառվում է որպես բնական գազի այլընտրանք, որովհետև բնական գազի համաշխարհային պաշարները ապագա որևէ մի կետում սպառվելու են»,–ասաց նա։

  • Կիսվել: