շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է. «Ժողովուրդ»

7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի հեղափոխությունից 7 տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ։

Այս մասին երեկ իր ասուլիսում հայտնել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ստացվում է, որ պետական պարտքը կազմել է մոտ 13.6 մլրդ դոլար։

«Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ․ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:

 

Նա վստահեցրեց, որ պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով, միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ:

Նախարարն ընդգծեց նաև, որ ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի․ Հովհաննիսյանը սա բավականին լավ ցուցանիշ համարեց:

Հարկ է նշել, որ 2018 թվականի տարեվերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է մոտ 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար:

Պարտքային ցուցանիշները դրական համարող նախարարի մտքով անգամ չէր էլ անցնի, որ եթե համեմատենք 2018 թվականի պետական պարտքի տվյալները, ապա կարձանագրենք, որ պետական պարտքը 2018-ից մինչև 2025-ի մարտ աճել է մոտ 6.7 միլիարդ դոլարով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։

 

ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը ևս աճել է, բայց չափավոր՝ մոտ 2.5 տոկոսային կետով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: