600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։ Իշխանությունները գրեթե նույն պարբերականությամբ խոսում են «թալանվածը վերադարձնելու» վճռականության մասին։ Բռնագանձման գործերով հիմնականում անցնում են 2018 թ․-ին նախորդող տարիներին պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքական և տնտեսական ազդեցություն ունեցած անձինք։
«Հետք»-ն ուսումնասիրել է միլիարդավոր դրամների պահանջով գործերից մեկը և պարզել, որ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը դարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականությունը։
Հակակոռուպցիոն դատարանում 2023 թ.-ի հոկտեմբերից քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի շարք գույք բռնագանձելու՝ Դատախազության հայցը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության հիման վրա Գագիկ Ծառուկյանից եւ նրա մերձավորներից պահանջվում է պետությանը վերադարձնել միլիարդավոր դրամական միջոցներ, բաժնետոմսեր, ավտոմեքենաներ, տներ եւ բնակարաններ։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Դրմեյանի նախագահությամբ արդեն 1.5 տարի քննվում է այս հայցը։ Բացի Ծառուկյաններից, Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից։ Տիգրան Մանուկյանը Հայաստանում «Միցուբիշի» եւ «ՄԱԶ» մեքենաներ ներմուծող ընկերության՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Մանուկյանը եղել է նաև «Շանգրի լա» խաղատան տնօրենը և Ծառուկյանի հետ կապ ունեցող այլ ընկերությունների բաժնետեր։ Դատախազությունը Տիգրան Մանուկյանից պահանջում է բռնագանձել հետևյալ գույքը՝
- «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը
- 21 ավտոմեքենա («Մերսեդես բենս», «Ռենջ Ռովեր», «Բի Էմ Դաբլյու» և այլ մակնիշների)
- 13 բնակարան Երեւանում (Նորք-Մարաշում)
- 10 ավտոհանգրվան Նորք-Մարաշի նույն շենքում
- 2 բնակարան Երեւանում (Աբովյան փողոցում)
Բոլոր բնակարանները գտնվում են Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում՝ Նորք-Մարաշի նորակառույց թաղամասում եւ Երևանի փոքր կենտրոնում կառուցված Աբովյան 9 շենքում։ Դատախազությունը պահանջում է Տիգրան Մանուկյանից բռնագանձել Աբովյան փ․ 9-րդ շենքի 36-րդ եւ 39-րդ բնակարանները։
Ուսումնասիրելով Տիգրան Մանուկյանին պատկանող եւ պատկանած գույքի ցանկը՝ «Հետք»-ը պարզել է, որ Տիգրան Մանուկյանը Աբովյան 9 հասցեում եւս մեկ բնակարան է ունեցել՝ թիվ 30-ը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի պաշտոնավարման ժամանակ է սկսել ուսումնասիրել Տիգրան Մանուկյանի անունով գրանցված գույքը եւ բռնագանձման հայց ներկայացրել դատարան։ 2023 թ․ հոկտեմբերին ներկայացված հայցում չի ներառվել այդ ժամանակ սեփականության իրավունքով Տիգրան Մանուկյանին պատկանած «Աբովյան փողոց 9 շ․, 30 բնակարան» հասցեով գույքը։
Կասկածելի գործարք
Բռնագանձման հայցը դատարան ներկայացվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, Տիգրան Մանուկյանը ցանկից դուրս մնացած բնակարանը նվիրել է ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող, արմատներով Էջմիածնից Եղիշ Համբարձումյանին։
Բռնագանձման գործը դատարան մուտք արվելուց 4 ամիս անց Եղիշ Համբարձումյանը նվեր ստացած բնակարանը վաճառել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին։
50-ամյա Եղիշ Համբարձումյանն Արմավիրի մարզի Դողս գյուղից է, 2015 թ․-ին համայնքի ավագանու կողմից արժանացել է Դողսի պատվավոր քաղաքացու կոչման՝ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնանորոգելու եւ կահավորելու համար։ Համբարձումյանը նաեւ ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայկական համայնքի անդամ է։ ՌԴ հարկային մարմնի տվյալների համաձայն՝ 2018 թ․-ին Ե․ Համբարձումյանը հիմնադրել է «Макстрой» շինարարական ընկերությունը։ Եղիշե Համբարձումյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ծանոթներ են։
ԱԱԾ տնօրենի որդու թանկարժեք գործարքը
Աբովյան փողոց 9 շենքը Երևանի փոքր կենտրոնում է՝ Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շենքը կառուցել է դեռևս 2005-2007 թթ.-ին։ Այս շենքում պատահական մարդիկ չեն բնակվում։ 2024 թ.-ի փետրվարին բարձրահարկ շենքի 9-րդ հարկի ընդարձակ բնակարաններից մեկը՝ 30 համարի, վաճառվել է։
«Հետքը» պարզել է, որ 225.8 քմ մակերեսով բնակարանը 240 միլիոն դրամով գնել է Ռոբերտ Աբազյանը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի 31-ամյա որդին։ Գործարքի պահին Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով այն մոտ 600 հազար դոլար է կազմում (593 721 USD)։ Բնակարանի 1 քմ-ը Ռոբերտ Աբազյանը գնել է 2,627 դոլարին համարժեք դրամով։
Տվյալ ժամանակահատվածում Երևանի փոքր կենտրոնում վաճառված բնակարանների 1 քմ-ի շուկայական արժեքն ավելին է եղել, քան սահմանվել է նշված գործարքում։ Ըստ անշարժ գույքի գործակալների, Երևանի փոքր կենտրոնում 2024 թ․-ին 1 քմ բնակտարածքի շուկայական արժեքը տատանվել է 3500-4000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ Այդ պայմաններով Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի շուկայական արժեքը պետք է լիներ 790- 900 հազար ԱՄՆ դոլարի սահմանում։
Գնված բնակարանի մակերեսն ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ երևանյան միջին վիճակագրական 3 սենյականոց բնակարանի մակերեսը 75–110 քմ է։ Եթե մեծ մակերեսով երկու 3 սենյականոց բնակարան միացնենք, կստացվի այնքան տարածք, որքան գնել է Ռոբերտ Աբազյանը։
Բնակարանը ձեռք է բերվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի տրամադրած հիփոթեքային վարկով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։