6,4 մլն դրամից սկսած տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20% կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար
Կառավարությունը այսօր ընդունեց մի կարևոր նախագիծ, որը վերաբերվում է գյուղատնտեսական լիզինգին, մասնավորապես լիզինգի ծրագրով մենք ունենք բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, խոշոր ինստիտուցիոնալ տնտեսություններ, որոնք վաղուց չէին կարողանում, ցավոք սրտի, օգտվել մեր ծրագրից, որովհետև ծրագիրը ուներ սահմանաչափ 250 միլիոն դրամից ավել գյուղտեխնիկա գնելուց հետո արդեն տոկոսները չէր փոխհատուցվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք այսօր այդ շեմը բարձրացրեցինք 50 միլիոն դրամի, և սա նաև շատ լավ առիթ է մեր տնտեսվարողներին ցույց տալու ևս մեկ անգամ հիշեցնելու, որ այդպիսի ծրագիր ունենք։ Օրինակ, մեր գյուղաբնակ քաղաքացիներին կարող եմ տեղեկացնել, որ 6,4 միլիոն դրամից սկսած տրակտորներ գոյություն ունեն, և իրենք ընդամենը պետք է վճարեն այդ 6,4 միլիոնի 20% կանխավճարը, իսկ մնացածը, եթե սահմանամերձ վայրերում են ապրում, հինգ տարվա ընթացքում մաս-մաս պետք է վճարեն։ Բոլոր տոկոսները պետությունը իրենց տեղ կվճարի, իսկ ոչ սահմանամերձում 14% ային կետից 12-ը պետությունն է վճարում։ Ընդամենը երկու տոկոսային կետ է քաղաքացին վճարում»,–ասաց նա։