հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
50 մլն եվրո՝ Սյունիքի մարզին. նախատեսվում է բարելավել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգեր, իրականացնել կրթական և առողջապահական ծրագրեր

50 մլն եվրո՝ Սյունիքի մարզին. նախատեսվում է բարելավել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգեր, իրականացնել կրթական և առողջապահական ծրագրեր

Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան -Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսական համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն եվրո է, որից Կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել նաև հարկերը, տուրքերը, ծրագրերի իրականացման հետ կապված մյուս գործառնական ծախսերը, որը նախատեսված չէ վարկային միջոցներից ֆինանսավորել:

«Ծրագիրն ընդհանուր առմամբ բաժանված է երկու մասի. 25 մլն եվրո նախատեսված է Սյունիքի մարզում 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար, մյուս 25 մլն եվրոն՝ կրթական և առողջապահական բաղադրիչների համար:

Նախատեսված է հանրային շենքերի, պոլիկլինիկաների, առողջապահական հաստատությունների, ամբուլատորիաների, Կապանում և Սիսիան քաղաքներում մասնագիտական կրթության քոլեջների, բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի ենթակառուցվածքների կառուցման, զարգացման, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերման և էլեկտրաարդյունավետության ծրագրերի իրականացման համար»,- ասաց նախարարը:

Ծրագիրն իրականացնող ընկերությունը Տարածքային զարգացման հիմնադրամն է:

ԿԳՄՍ նախարարը հավելեց՝ ծրագրի շրջանակում Սիսիանում և Կապանում գործող քոլեջների ամբողջական վերակազմավորում է նախատեսվում, այդ թվում՝ բովանդակության և կրթական ծրագրերի, որպեսզի դրանք ապահովեն նաև կարևոր կադրերի պատրաստում:

«Մեր նպատակն է մարզերում ունենալ ուժեղ, զարգացած քոլեջներ, որոնք կկարողանան ամբողջությամբ ապահովել տարածքային համաչափ զարգացման տրամաբանության ներքո հենց տեղում համապատասխան կադրերի պատրաստումը»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց՝ ծրագիրը ցույց է տալիս նաև, թե ինչ կարևորություն ունի Սյունիքի մարզում սոցիալական ենթակառուցվածքների որակյալ վիճակը:

Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում ֆինանսական համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո 5 տարին:

  • Կիսվել: