շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կեղծ թեզեր են նետում, որ մեր փոխարեն ռուսներն են կռվել, այդպիսի բան չկա. Սեյրան Օհանյան

Կեղծ թեզեր են նետում, որ մեր փոխարեն ռուսներն են կռվել, այդպիսի բան չկա. Սեյրան Օհանյան

Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ որ մենք կերտում էինք և Հայաստանի անկախությունը, և Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա, խոսքով, բանակը պատվով կատարել է իր հիմնական խնդիրը՝  Հայաստանի ու հայ ժողովրդի համար երաշխավոր է եղել. «Բանակը դժվարագույն պահեր, զրկանքներ է ապրել, երբ որ միայնակ է եղել, լքված է եղել այսօրվա իշխանություններից, ազգակործան այն ղեկավարներից, որոնք գոնե 44 օրյա պատերազմի ընթացքում պետք է համախմբեին մեր ամբողջ ներուժը, մոբիլիզացնեին ողջ ժողովրդին և կարողանային որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը և տանեին, փակեին այդ ճեղքման ճանապարհը: Բանակը իր հրամանատարի, իր զինվորի հետ միասին իր պատվո մարտը միշտ էլ տվել է և միշտ էլ հաղթանակած է դուրս եկել: Մենք ամեն ինչ պետք է անենք և ժողովուրդը, եթե ոտքի կանգնի մենք երբեմնի բանակի փառքը վերականգնելու ենք և բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիքի, մեր պաշտպանության համար»,-ասաց Օհանյանը:

Հարցին՝ իր նախարար եղած ժամանակ Արարատի և Արագածի դիսկուրսը իրեն խանգարե՞լ է արդիական զենք ձեռք բերել, ՊՆ նախկին նախարարը պատասխանեց. «Կեղծ օրակարգ է այն հակասությունը, որ այսօրվա իշխանությունները դնում են մեր պատմության առջև, ուրանում են նույնիսկ այն, ինչ որ իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ: Երբևիցե մեր պատմության ու այսօրվա իրականության մեջ հակասություն չի եղել: Այսօրվա բանակը չափազանց երիտասարդ բանակ է, բայց բանակի կազմավորման ակունքներում մեր դարավոր պայքարի ոգին է, մեր ֆիդայինների ըմբոստ կեցվածքն է, մեր ռազմական գործիչների ռազմավարական միտքն է, օպերատիվ արվեստին տիրապետելն է, ի վերջո, ղարաբաղյան շարժման ժամանակ մեր մտավորականների և կամավորականների կուռ համադրված գործողություններն են:

 

Այսօր, օրինակ, նաև այսպիսի կեղծ թեզեր են առաջ նետում, որ մենք չենք արել, մեր փոխարեն են բանակը կառուցել, մեր փոխարեն ռուսներն են կռվել: Այդպիսի բան չկա: Մեզ աջակցել են մեր ռազմավարական գործընկերները, մեր հարևանները, բայց ռեալ մարտի դաշտում իրական գործողությունների մեջ եղել է հայը, հայ մարտիկը, հայ ժողովուրդն է եղել, ռեալ գետնի վրա հայկական բանակը կառուցել է հայ ժողովուրդը, միասնական կերպով»:

  • Կիսվել: