Ինչու՞ են զինծառայողները դիրքում քնում․ Սեյրան Օհանյանը մանրամասն բացատրում է
Այսօր ծառայության պայմաններն այնքան ծանր են, որ զինծառայողները հոգնում են և դիրքում քնում։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Բանակում զինծառայողների միջև հաճախ վիճաբանություններ են լինում հենց քնելու հարցի շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ դիրքում քնելու համար, այսպես ասած, «հայհոյանք է դրված»։
«Էդ հոգնածության դեմ 2014-2016թթ․ որոշումներ ընդունվեցին հետևյալ կերպ․ անձնակազմի համապատասխան քանակություն պետք է ապահովվեր դիրքերում։ Շատ ծանր է 2 շաբաթ անընդհատ հերթապահություն տանել էս գրաֆիկով՝ 2 ժամ դիրքում պահակություն, 2 ժամ արթուն հերթափոխ և 2 ժամ քնել։ Զորամասի տարածքում հասարակ պահակային ծառայության համար մեր կանոնադրությամբ արգելվում է օրումեջ գնալ պահակային ծառայության, որովհետև 2-2-2 ժամ ցիկլով բավականին հոգնածության մեջ են լինում զինծառայողները։ Հիմա էդ նույն ցիկլով զինվորները հերթապահություն են տանում 2 շաբաթ»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այդ նպատակով որոշվել էր 4 հերթափոխ ունենալ, որ յուրաքանչյուր զինծառայող 1 օրվա ընթացքում կարողանար առնվազն 8 ժամ հանգստանալ։
Հավելեց՝ մանրակրկիտ բացատրում է, որ ՊՆ ղեկավարությունը հետևություններ անի, քանի որ ամոթ է, որ իշխանությունների հայտարարած խաղաղության պայմաններում ունենում ենք նման ցավալի դեպքեր։
Հիշեցնենք , որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։



