ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արմեն Խաչատրյանը ներկայացրեց վերջին տարիներին ռազմական ակադեմիայում իրականացված բարեփոխումները

Արմեն Խաչատրյանը ներկայացրեց վերջին տարիներին ռազմական ակադեմիայում իրականացված բարեփոխումները

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց վերջին տարիներին ռազմական կրթության ոլորտում արձանագրված փոփոխությունները։ 

Ազգային ժողովում ընթացող Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում պատգամավորը նշեց, որ մինչև 2021-2022 թվականները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պայմանները խիստ անմխիթար էին։  

«Նույնիսկ ֆիզկուլտուրայի ամբիոն չկար, ներսում ամեն ինչ ավերված էր։ Ակադեմիան չուներ լիարժեք դասախոսական ամբիոններ։ Եղել է տարի, երբ ակադեմիայի դիմորդների թիվը ընդամենը 16 էր։ Այս պայմաններում մենք պատկերացնո՞ւմ էինք բանակ՝ առանց բազային կրթությամբ սպաների»,- ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ 2022 թվականից ոլորտում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ։ Պետությունը կարևորվել է որակյալ զինվորական կադրերի պատրաստման գործընթացը, ինչի արդյունքում ռազմական ակադեմիան կարճ ժամանակում կարողացել է հայտնվել համաշխարհային առաջատար ռազմական կրթօջախների շարքում։

«Ակադեմիան ավարտող սպաները այժմ ստանում են երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ Սա աննախադեպ սոցիալական աջակցություն է»,-շեշտեց Խաչատրյանը։

Բացի բազային ռազմական կրթությունից՝ ակադեմիայում ներդրվել են նաև քաղաքացիական առարկաներ, որոնք համադրվում են Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի համալսարանի կրթական ծրագրերի հետ։ 

«Ունենք հագեցած ամբիոններ, այդ թվում՝ թուրքերենի։ Ակադեմիայում 7-8 տեսակի ֆիզիկական պատրաստության առարկաներ են դասավանդվում»,-ասաց պատգամավորը։

Խաչատրյանի խոսքով՝ ակադեմիայի սաները ոչ միայն լինելու են բանակի ապագա հրամանատարները, այլև զինվորական բարձր կրթությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ և կամային հատկանիշներով օժտված երիտասարդներ։ 

 

  • Կիսվել: