Չեմ բացառում ադրբեջանցի հանցագործ զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությունը․ Արմեն Խաչատրյան
Հայաստանի սահմանն հատած ադրբեջանցի զինծառայողին հանձնելու վերաբերյալ քննարկումներ այս պահին, բնականաբար, չեն կարող լինել։ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հոկտեմբերի 8-ին այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այս պահին նախաձեռնված է քրեական վարույթ։ Պետական սահմանը խախտած ադրբեջանցու գործողություններին պետք է պատշաճ իրավական գնահատական տրվի։ Դրանից հետո քրեական գործը համապատասխան եզրակացությամբ կուղարկվի դատարան․ դատարանն էլ, ըստ ամենայնի, մեղադրական վճիռ կկայացնի, և նա կսկսի իր պատիժը կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։ Միայն այդ ամենից հետո, և այո՛, ես դա չեմ բացառում, քանի որ փորձը ցույց է տվել, որ նման դեպքեր քիչ չեն եղել, ամենայն հավանականությամբ նրան փոխանակելու ենք Ադրբեջանում գտնվող մեր գերեվարված հայրենակիցների հետ», — նշեց պատգամավորը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ նման գործընթաց դեռ չկա։ «Այժմ ամեն ինչ ընթանում է բացառապես քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում», — եզրափակեց Խաչատրյանը։



