չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Վիլնյուսում WFIMC–ի գագաթնաժողովում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը

Վիլնյուսում WFIMC–ի գագաթնաժողովում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը

Հունիսի 16–21-ը Վիլնյուսում կայացավ Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) «Ոգեշնչելով ապագան» (Inspiring the Future) խորագրով 69-րդ գագաթնաժողովը, որը համախմբեց աշխարհի առաջատար երաժշտական մրցույթների, մշակութային հաստատությունների և արվեստի կառավարման ոլորտի ներկայացուցիչներին։

 

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ դասական երաժշտության ոլորտի զարգացմանը նվիրված այս հեղինակավոր հարթակն այս տարի կենտրոնացած էր երիտասարդ արվեստագետների մասնագիտական զարգացման, նոր լսարանների ձևավորման, միջազգային համագործակցությունների ընդլայնման հեռանկարների վրա։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվեցին մասնագիտական քննարկումներ, տեղի ունեցավ  փորձի փոխանակում և ռազմավարական հանդիպումներ, որոնք ուղղված էին մեր օրերում միջազգային երաժշտական մրցույթների դերի վերաիմաստավորմանը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2016 թվականից անդամակցում է Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիային, և որպես ֆեդերացիայի լիիրավ անդամ, մշտապես ներկայացվում է գագաթնաժողովում։ Միջոցառմանը մասնակցում էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, ով մասնագիտական համայնքին ներկայացրեց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձը, զարգացման հեռանկարներն ու վերջին տարիներին ներդրված մասնագիտական աշխատանքային մեխանիզմները։

«Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ լինելը բացառիկ հնարավորություն է տալիս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին ոչ միայն ներկայացնելու մեր գործունեությունը, այլև մասնակցելու միջազգային մշակութային օրակարգի ձևավորմանը։ Մեզ համար հատկապես կարևոր էր տեսնել, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գնահատման համակարգը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագիտական համայնքում և ընտրվեց որպես աշխատանքային օրինակ այլ մրցույթների համար։ Սա վկայում է, որ Հայաստանում ձևավորված փորձը և միևնույն ժամանակ թափանցիկ  մոտեցումները կարող են ներդրում ունենալ միջազգային մշակութային գործընթացներում և ծառայել որպես արդյունավետ մոդել գործընկեր կառույցների համար»,– նշել է Մարտին Թովմասյանը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հեղինակության և շարունակական զարգացման գործում կարևոր դեր ունի մրցույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նրա նախաձեռնությամբ մրցույթը հետևողականորեն ընդլայնում է միջազգային համագործակցությունները, ներգրավում աշխարհահռչակ երաժիշտների և ժյուրիի անդամների, որի արդյունքում մրցույթը շարունակում է ամրապնդել իր դիրքը համաշխարհային երաժշտական մրցութային հարթակում։

«Փորձը ցույց է տալիս, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում մրցանակակիր դարձած երաժիշտները հետագայում հաջողությամբ դրսևորվում են նաև այլ հեղինակավոր միջազգային մրցույթներում՝ արժանանալով բարձր մրցանակային տեղերի»,– ընդգծել է Մարտին Թովմասյանը։

Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գագաթնաժողովին մասնակցությունը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին հնարավորություն է տալիս ներկայացնելու Հայաստանի մշակութային և մասնագիտական ներուժը, զարգացնելու նոր գործընկերություններ և նպաստելու հայ կատարողական արվեստի ճանաչելիության բարձրացմանը միջազգային հարթակներում։

Մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և շարունակում է հանդիսանալ Հայաստանի կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը։

  • Կիսվել: