շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Թերթն արդեն արդիական չէ». Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը

«Թերթն արդեն արդիական չէ». Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց լուծարել «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հիմնավորման մեջ նշվում է. «ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը,բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:

«Կրթություն» թերթի խմբագրություն» ՓԲԸ-ն 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը կազմում է 100 հազար դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալում, որպես սեփական կապիտալ ներառված չի անշարժ գույք, ինչպես նաև հիմնադրի կողմից  անհատույց օգտագործման իրավունքով գույք չի ամրացվել: Այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել ԿԶՆԱԿ-ի շենքում:

Չնայած շահույթ հետապնդող կազմակերպության իր կարգավիճակին՝  բյուջեի 10%-ը ձևավորվումէ պետական բյուջեի հատկացումներից:

Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում:

  • Կիսվել: