ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը. Պատանի հանդիսատեսի թատրոն

Թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը. Պատանի հանդիսատեսի թատրոն

Պատանի հանդիսատեսի թատրոնի, որի կոլեկտիվը նախօրեին բողոքի ակցիա էր իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով բացատրություն, թե ինչու երեք ամիս է աշխատավրձ չեն ստացել, հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով, որ շուրջ 6 տարի Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող սուբսիդիայի պայմանագիրը կնքվել է անխոչընդոտ, ուստի ակնհայտ է և պարզ, որ 2025 թվականի քաղաքապետարանի կողմից առաջարկվող սուբսիդիայի պայմանագրի դրույթների հետ կապված թատրոնն ունի որոշակի դիտարկումների և ճշգրտումների կարիք, քանի որ առկա է փոփոխություն։

Թատրոնի ղեկավար կազմը փորձել է ստանալ որոշակի ճշգրտումներ, պարզաբանումներ, սակայն ապարդյուն։

2 ամիս շարունակ, խնդիրը բարձրաձայնելուն զուգահեռ՝ թատրոնի տնօրինությունը հնարավորություն է ունեցել աշխատակիցներին ապահովել աշխատավարձով։ Թեպետ ունենալով առարկություններ՝ ս/թ-ի մարտ 18-ին թատրոնի տնօրենն ի վերջո ստորագրեց քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբսիդիայի պայմանագիրը, այսկերպ ապահովելով թատրոնի բնականոն գործուներությունը և աշխատակիցներին չներգրավվելով և չծանրաբեռնելով ադմինիստրատիվ աշխատանքներում։ Ստորագրումից մինչ այսօր, թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը, որտեղից էլ պետք է փոխանցվեր նաև աշխատակիցների աշխատավարձը։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ այսօր թատրոնում չի խաթարվել ստեղծագործական աշխատանքը։

Այս գրառման ավարտին ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ տարին հոբելյանական է, թատրոնը նշում է հիմնադրման 95- ամյակը»։

  • Կիսվել: