հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թանգարաններ այցելությունների թիվը 40 տոկոսով աճել է. 2025-ին գրանցվել է 1 մլն 353 հազար այցելություն

Թանգարաններ այցելությունների թիվը 40 տոկոսով աճել է. 2025-ին գրանցվել է 1 մլն 353 հազար այցելություն

2021 թվականի համեմատությամբ 40 տոկոս աճել են թանգարանների այցելությունները: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 27-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախորդ տարի մենք ունեցել ենք 1 մլն 353 հազար այցելություն, և սրա մեջ մենք չենք ներառում Թանգարանների գիշերը, որի շրջանակում մեր թանգարանների մոտ հերթեր են գոյանում, և 200 հազարից ավելի մարդ միայն Թանգարանների գիշերն է այցելում մեր թանգարաններ: Կարծում եմ՝ սա լավ ցուցանիշ է:

Մենք որակական փոփոխություններ ենք տեսնում, և այդ որակական փոփոխություններն են, որ պետք է առաջ տանենք, որովհետև ֆունդամենտալ փոփոխությունների հիմքում պետք է որակական փոփոխություններն ընկնեն:

Այստեղ միջազգային համագործակցությունները շատ կարևոր են, որովհետև սկսած ցուցադրությունների համադրման որակից մինչև դրանց ձևակերպման, ներկայացման, մարքեթինգային քաղաքականություն, դրանք նաև կարողությունների զարգացում են պահանջում»,- ասաց նա:

Նախարարը կարևորեց նաև այն, որ մտածողությունը փոխվում է, այսինքն՝ մինչ այս կար ընկալում, որ մշակույթի ոլորտը տնտեսական ազդեցություններ չի կարող ունենալ, և պետք է լինի պետության հոգածության ներքո, բայց այժմ այս ընկալումը փոխվել է:

  • Կիսվել: