հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Այս մասին տեղեկանում ենք կինոփառատոնի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից։ 

Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեությունն Աբգարյանը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։

1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո և հեռուստատեսային էկրաններին՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։

Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը․․․ Մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026-ին հանդես է եկել գեներալ դը Գոլի դերում՝ Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։

Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին, 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր« և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։

 

  • Կիսվել: