ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Միջազգային մշակութային համաժողովը կարևոր հարթակ կդառնա միջազգային համագործակցության խթանման համար․ ԿԳՄՍ փոխնախարար

Միջազգային մշակութային համաժողովը կարևոր հարթակ կդառնա միջազգային համագործակցության խթանման համար․ ԿԳՄՍ փոխնախարար

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջազգային համաժողովի բացմանը պաշտոնական խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և արտակարգ իրավիճակների գծով տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի քարտուղար Քրիստա Պիկատը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի անունից: Համաժողովին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, հայաստանյան և արտերկրի փորձագետներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել՝ պատահական չէ համաժողովի կազմակերպումը հայկական և համաշխարհային գրավոր ժառանգության պահպանության կարևորագույն կենտրոնում՝ Մատենադարանում, որի հազվագյուտ հավաքածուները դեռևս 1997թ. գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության գրանցամատյանում: Նրա խոսքով՝ սա մեկ անգամ ևս վերահաստատում է Հայաստանի անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու և սերունդներին փոխանցելու մարդկության հավաքական, համընդգրկուն ժառանգությունը:

«Որպես մշակութային ժառանգության պաշտպանության առանցքային փաստաթուղթ՝ «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիան սահմանում է հիմնարար ուղենիշեր: Իր 70-ամյա պատմության ընթացքում կոնվենցիան այսօր էլ շարունակում է լինել այն նշանակալի հանգրվանը և հարթակը, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին: Հայաստանն այս Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առանցքային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Կոնվենցիայի 70-ամյակը հրաշալի առիթ է բարձրաձայնելու և քննարկելու մշակութային ժառանգության առջև ծառացած մարտահրավերները և միաժամանակ նախանշելու առաջընթացի և զարգացման նոր հնարավորությունները: Այսօր արագորեն փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակներն ու տեխնոլոգիաների զարգացման աննախադեպ արագ ընթացքը մարդկությանը նոր մարտահրավերների և իրողությունների առջև են կանգնեցրել»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար տեղակալի խոսքով՝ համաժողովի խորագիրը և թեմատիկ շրջանակը առավել քան արդիական են․ նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման և վերականգնման գործընթացում գնալով մեծանում է. «Հայաստանը ևս կարևորում է մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, օգտագործման, վերականգնման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ուստի մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգության թվայնացումը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դրանց հասանելիության ապահովումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից են»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ միջազգային համաժողովը կարևոր հարթակ կդառնա միջմշակութային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման համար՝ նպաստելով համաշխարհային ժառանգության պահպանության և առաջընթացի ուղղությամբ նոր քննարկումների և տեսլականների ձևավորմանը:

 

  • Կիսվել: