հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո:

 

«Սա ոչ միայն ուսուցանման, դասավանդման, մեթոդական շատ կարևոր աշխատանք է, այլև մարդկային կապերի, հարաբերությունների ձևավորման և միասնական հարթակներ ստեղծելու հնարավորություն: Ընտրված խորագիրը՝ «Գիտելիքի կամուրջ», պատահական չէ. մի կողմից մենք միմյանց փոխանցում ենք գիտելիքն ու փորձառությունը, մանկավարժական հմտություններն ու մեթոդաբանությունը, մյուս կողմից` կամրջում ենք Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի տարբեր օջախներին: Կարծում եմ՝ սա այն առանձնահատուկ առաքելությունն է, որը նաև այս ծրագիրն  անընդհատ շարունակելու ոգևորություն և մոտիվացիա է տալիս»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա հատկապես կարևորել է, որ վերապատրաստման ծրագիրը լինի հնարավորինս նպատակային և թիրախային, որովհետև սփյուռքահայ ուսուցիչների իրականացրած աշխատանքը խիստ տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դպրոցների ուսուցիչների աշխատանքից։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի լավարկման կարևորությունը՝  մանկավարժների առաջարկների ու դիտարկումների հիման վրա. «Այս ծրագիրը հնարավորինս պետք է ծառայի իր նպատակին՝ տալով ամենօրյա աշխատանքում հանդիպող հարցերի պատասխանները»:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակից ուսուցիչներին, վերապատրաստող մանկավարժական թիմին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ վերջիններիս փորձառությունը, դիտարկումներն ու կարծիքները կնպաստեն ծրագրի կատարելագործմանը:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է մինչև հուլիսի 26-ը հետևյալ յոթ ուղղությամբ՝

  • ուսուցում մանկապարտեզում,
  • ուսուցում մեկօրյա դպրոցում,
  • տարրական ուսուցում
  • հայոց լեզու և գրականություն
  • հայոց պատմություն և մշակույթի պատմություն
  • երգ ու պարի ուսուցում
  • տնօրենների վերապատրաստում

Վերապատրաստման ծրագրին մասնակցում են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից,  Իսպանիայից,  Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից,  Ֆրանսիայից։ 

  • Կիսվել: