երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան»-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին

Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան»-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին

Աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին։

«Ոսկե ծիրան»-ի հյուրերի շարքերում պարբերաբար հայտնվել են նոր իրանական կինոյի ռահվիրաները՝ Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մախմալբաֆը, Ջաֆար Փանահին և Ասղար Ֆարհադին։ Այժմ հանդիսատեսը կտեսնի այն մարդուն, որը, տեսախցիկը ձեռքին, նկարահանել է վարպետների ֆիլմերից շատերը։

1980-ականներից ի վեր՝ Քալարին վեց տասնյակից ավելի կինոնկարի ստեղծման է մասնակցել, իսկ նրա լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր ծայրերում։

Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», Փանահիի «Խաղից դուրս»-ը, Դարիուշ Մեհրջուիի «Լեյլան», Քիառոստամիի «Քամին մեզ կտանի»՝ սրանք ընդամենը մի քանիսն են այն հանրահայտ ֆիլմերից, որոնք Մահմուդ Քալարին օգնել է լույս աշխարհ բերել։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

  • Կիսվել: