Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան․ Արաքսիա Սվաջյան
«Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան։ Ժամանակակից կրթությունը պահանջում է, որ դպրոցներն արձագանքեն ոչ միայն երեխաների կրթական, այլև նրանց հուզական և սոցիալական զարգացման կարիքներին։ Մեր խնդիրն է առավել զգայուն և խոցելի երեխաներին նախապատրաստել տարբեր մարտահրավերների դիմակայմանը։ Հաշվի առնելով ուսումնական հաստատությունների կարևոր դերակատարումը երեխաների հոգեսոցիալական զարգացման և տոկունության ձևավորման հարցում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները պետք է կենտրոնացնեն ջանքերն այս ուղղությամբ». այս մասին նշել է ԿԳՍՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ներդրումը կրթական համակարգում» ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ:
Ծրագիրը միտված է դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) համակարգի ամրապնդմանը՝ նպաստելով կրթական համակարգի կարողությունների զարգացմանը, փախստական և ընդունող համայնքների երեխաներին առավել արդյունավետ աջակցության տրամադրմանը։ Ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ ու Ճապոնիայի կառավարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցությամբ։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև դպրոցներում հոգեբանական ծառայության կազմակերպման բարելավումը․ «Մեր խնդիրն է ուսումնական հաստատություններում հոգեբանական ծառայությունն այնպես կազմակերպել, իրականացնել ու մատուցել, որ այն ոչ միայն ուղղված լինի երեխաների՝ արդեն իսկ ձևավորված խնդիրների հաղթահարմանը, այլև ունենա կանխարգելիչ նշանակություն: Այս նպատակին հասնելու համար կարևոր է մանկապարտեզներում և դպրոցներում հոգեբանական ծառայության ներդրումն ու ուժեղացումը: Արդեն մի քանի տարի է՝ ինչ բոլոր դպրոցներում ներդրել ենք հոգեբանական ծառայություններ, սակայն, ցավոք, ոչ բոլոր ուսումնական հաստատություններում է, որ հոգեբանի թափուր հաստիքը լրացած է: Սրա պատճառը, թերևս, հատկապես գյուղական բնակավայրերում համապատասխան մասնագետների բացակայությունն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և ընդգծել Մանկավարժական համալսարանի դերը՝ պատրաստելու համապատասխան մասնագետների, որոնք կլրացնեն ոլորտային կադրերի բացը։
Ամփոփելով խոսքը՝ նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար և ծրագրի շարունակությանը մաղթել արդյունավետ ընթացք:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին նշել է․ «Երեխաները չեն կարող լիարժեք սովորել և զարգանալ, եթե իրենց ապահով, աջակցված և հոգեպես լավ չեն զգում: Այս համագործակցության շնորհիվ մենք նպաստել ենք դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարողությունների ամրապնդմանը՝ ժամանակին բացահայտելու աջակցության կարիք ունեցող երեխաներին, ապահովելու անհրաժեշտ արձագանքը և ստեղծելու անվտանգ ու ներառական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ փախստական և այլ խոցելի խմբերի երեխաները, կարող են իրացնել իրենց ամբողջ ներուժը։ Այս առաջընթացը ամուր հիմք է ստեղծում երեխաների հոգեսոցիալական դիմակայունության ամրապնդման և ՀՀ կրթական համակարգում հոգեկան առողջության որակյալ ծառայությունների ընդլայնման համար»։
«Թերևս այս համագործակցության ամենակարևոր արդյունքն այն է, որ դպրոցներն այսօր ավելի պատրաստ են նկատելու, թե երբ է երեխան աջակցության կարիք ունենում և արձագանքելու՝ նախքան նա ստիպված կլինի միայնակ հաղթահարել իր դժվարությունները»,- իր ելույթում ասել է ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթական համակարգում․ ձեռքբերումներ, մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» թեմայով: Ներկայացվել են նաև «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթական ոլորտում» պիլոտային ծրագրի արդյունքները, «Երեխաների հոգեկան առողջության խթանում և հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկը:



