ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն (Տեսանյութ)
ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում: Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:
«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ»թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնեց, որ երեկ երբ սկսել են նստացույցն ու վրաններ տեղադրել, ոստիկաններն արգելել են։ «Ամեն դեպքում եկանք հայտարարի, հանեցինք այդ վրանները, քանի որ մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն է, ասելիքը տեղ հասցնելը, ոչ թե կոնֆլիկտի գնալը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը:
Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։
Նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն, նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը: