երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ակադեմիական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Հունգարիայում կայացած «QS Higher Ed Summit: Europe 2026» հեղինակավոր գագաթնաժողովին՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Գագաթնաժողովի կազմակերպիչը QS (QS Quacquarelli Symonds)-ն էր, որը հայտնի է համալսարանների միջազգային QS World University Rankings վարկանիշավորմամբ։

«QS Higher Ed Summit։ Advanced Business Skills Forum» միջոցառման շրջանակում Սարգիս Հայոցյանը հանդես է եկել զեկույցով՝ անդրադարձ կատարելով Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիներին իրականացված լայնածավալ իրավական և համակարգային բարեփոխումներին ու արձանագրված ձեռքբերումներին, «Ակադեմիական քաղաք» ծրագրի տեսլականին, Հունգարիայի և, ընդհանուր առմամբ, ԵՄ երկրների հետ համագործակցության զարգացման հնարավորություններին և Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ինտեգրմանն ուղղված քայլերին։

Միջոցառման շրջանակում «Ակադեմիական քաղաք Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանի և QS-ի փոխտնօրեն Բեն Սոութերի միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որով սկիզբ է դրվելու ՀՀ որոշ բուհերի համար QS միջազգային վարկանիշավորման կազմակերպության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացին:

«QS Higher Ed Summit: Europe 2026» միջոցառումներին մասնակցել և բանախոսությամբ հանդես են եկել 60 երկրների ներկայացուցիչներ՝ ավելի քան 600 համալսարանների ղեկավարներ, գիտնականներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի առանձին աշխատանքային քննարկումները QS-ի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում նախանշվել են ապագա համագործակցության գործնական քայլերին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: