ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում

Հայոց ցեղասպանության թանգարան ամեն տարի մի քանի հարյուր թուրք զբոսաշրջիկ է այցելում

Հայոց ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է մինչև 100 հազար այցելու։ Հրավիրված ասուլիսում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը հպարտությամբ նշեց, որ իրենց թանգարանը Հայաստանի 3 ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է։ 

«Մեր թանգարան այցելությունների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է ու պետք է ասեմ, որ վերջին շրջանում կառուցվածքում որոշակի փոփոխություններ են նկատվում։ Եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան ավելի շատ գալիս էին Ռուսաստանից, եվրոպական տարբեր երկրներից, ապա այժմ նկատում ենք, որ գնալով աճում է Չինաստանից, Հարավային Կորեայից, Ֆիլիպիններից եկող զբոսաշրջիկների թիվը»,-ասաց Էդիտա Գզոյանը։ 

Թանգարան այցելող զբոսաշրջիկների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու, օտար լեզուներով իրազեկում իրականացնելու համար ընդլայնվում է աուդիոգիդի ծառայությունը։ Նախորդ տարվանից թանգարանում աուդիոգիդի ծառայության մեջ ներառված էին անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը։ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցությամբ նյութերը թարգմանվել են չինարեն, կորեերեն և շատ շուտով այդ երկու լեզուներով ևս կլինեն աուդիոգիդի ծառայություններ։ Առաջիկայի համար պլանավորվում է ներառել գերմաներենը, արաբերենը, իտալերենը։ 

Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ այցելուների թվում կան նաև թուրքեր։ Նրանց թիվն ամեն տարի մի քանի հարյուր է լինում։ Նախորդ տարի թանգարան այցելել է 300 թուրք զբոսաշրջիկ։ 

 

  • Կիսվել: