հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկա են եղել միջոցառման բացման արարողությանը:

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը, որը Հայաստանում հանդես է գալիս առաջին անգամ։ Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ մշակույթը ժողովուրդների միջև փոխըմբռնման, երկխոսության և մարդկային արժեքների փոխանակման կարևորագույն ճանապարհներից է, որը հնարավորություն է տալիս արժևորել համամարդկային արժեքները։ Նախարարը հատկապես կարևորել է հոգևոր երաժշտության պահպանումը և փոխանցումը սերունդներին՝ ընդգծելով, որ խմբերգային արվեստը խորհրդանշում է մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել փոխադարձ հարգանքի, համերաշխության և գեղեցիկի ընդհանուր հենքը։

«Հայաստանը՝ իր բազմադարյա մշակութային և հոգևոր ժառանգությամբ, մշտապես կարևորել է մշակույթի միջոցով մարդկային կապերի ամրապնդումը։ Մեր երկրում մշակութային երկխոսության յուրաքանչյուր նախաձեռնություն արժեքավոր է, հատկապես այն դեպքում, երբ այն նպաստում է ժողովուրդների մշակութային ժառանգության ճանաչմանը, արվեստի հանդեպ հարգանքի խորացմանը և մարդասիրական արժեքների տարածմանը։ Վստահ եմ, որ այս օրերի շրջանակում ներկայացվող արվեստը կարժանանա հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և կդառնա գեղեցիկի, հոգևորի ու ստեղծագործական ներշնչանքի շուրջ համախմբվելու ևս մեկ առիթ։ Մաղթում եմ միջոցառման մասնակիցներին և հյուրերին ստեղծագործական հաջողություններ, իսկ ներկաներին՝ հոգևոր վերելք, խաղաղության զգացում և վայելք բարձրարվեստ երաժշտությունից։ Թող արվեստը շարունակի կամուրջներ կառուցել մարդկանց ու մշակույթների միջև, իսկ հոգևոր մշակույթի լավագույն արժեքները ծառայեն բարության, փոխըմբռնման և խաղաղության գաղափարներին»,- նշել է նախարարը։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով: «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմուբը ՌԴ ամենահին երգչախմբային խմբերից է։ Հատուկ հայաստանյան համերգների համար պատրաստված բազմազան ծրագրում ընդգրկվել են ռուս կոմպոզիտորների, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Պավել Չեսնոկովի, արևմտյան երաժշտության դասականների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի, Շառլ Ֆրանսուա Գունոյի ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական և հայկական ժողովրդական երգեր՝ հին ու ժամանակակից մշակումներով:

  • Կիսվել: