ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայ կինոյի օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարը պարգևներ է հանձնել մի շարք կինոգործիչների և ոլորտի աշխատակիցների

Հայ կինոյի օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարը պարգևներ է հանձնել մի շարք կինոգործիչների և ոլորտի աշխատակիցների

Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության շրջանակում:

«Հայկական կինոյի օրը 102-րդ անգամ նշելը մեծ իրադարձություն է առաջին հերթին մեր ժառանգությունը ճանաչելու, տարածելու և արժևորելու առումով: Ավելի քան մեկդարյա պատմությունը կերտվել է կինոյի երախտավորների ամենօրյա նվիրումի և աշխատանքի արդյունքում: Սա այն առանձնահատուկ օրն է, երբ անդրադառնում ենք արվածին, խոսում ապագայի մասին, գնահատում երախտավորներին»,- ասել է նախարարը՝ շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին:

Նրա գնահատմամբ՝ կինոն ոչ միայն պատմություն է, այլև հանրային կյանքի զարգացման կարևոր ուղղություն։ Կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ հաստատվել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որը, ըստ նախարարի, նոր տեմպ է տալու կինոարտադրությանը։

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կարգով ընձեռված հնարավորությունների շնորհիվ կինոյի միջոցով մեր երկիրը ներկայացնելու և ավելի ճանաչելու դարձնելու նոր հեռանկարներ կբացվեն:

Նախարարն արժևորել է նաև Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը՝ որպես ոլորտում փոփոխություն բերող կարևոր քայլ:

Հայ կինոյի օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել Հայաստանի կինոյի հիմնադրամի կինոժառանգության բաժնի գլխավոր ֆոնդապահ Լարիսա Ստեփանյանը՝ հայկական կինոժառանգության պահպանման և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար և Ծովինար Սողոմոնյանը՝ վավերագրական կինոյի զարգացման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի և ներդրման համար: Ոլորտի այլ ներկայացուցիչների հանձնվել են պատվոգրեր և շնորհակալագրեր:

  • Կիսվել: