երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Համաշխարհային գագաթնաժողովը սփյուռքում հայկական մշակույթի զարգացման ուղիներ գտնելու լավագույն հարթակն է. Սիբիլ

Համաշխարհային գագաթնաժողովը սփյուռքում հայկական մշակույթի զարգացման ուղիներ գտնելու լավագույն հարթակն է. Սիբիլ

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը  հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից և տարբեր ոլորտներից հայերը հնարավորություն ունեն մեկ սեղանի շուրջ համախմբվելու, հարցեր տալու,  խորհուրդներ լսելու, ինչը կնպաստի հայրենիքի և սփյուռքի հզորացմանը: Սա նաև սփյուռքում հայկական մշակույթի զարգացման և տարածման ուղիներ գտնելու լավագույն հարթակն է:

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում այս մասին նշեց պոլսահայ երգչուհի Սիբիլը, շեշտելով՝ որտեղ էլ ծնված լինենք, միևնույն է՝ մենք բոլորս էլ հայ ենք:

«Ես քաղաքական մարդ չեմ, ես արվեստի մարդ եմ, և սփյուռքի երգչուհի եմ, բայց, միանշանակ, քաղաքականությունն այս ամենի մեջ է: Բնականաբար,  խոսելով, իրար հասկանալով մենք պետք է  մեկ սեղանի շուրջ համախմբվենք: Այստեղ աշխարհի չորս կողմերից եկած մարդկանց հետ ենք ծանոթանում, բայց մեր սիրտը հայրենիքի համար միշտ նույն կերպ է բաբախում: Հատկապես հիմա մեզ համար շատ կարևոր է այս միասնականությունն ու  համագործակցությունը: Այսօր մենք հնարավորություն ունենք մեկ սեղանի շուրջ համախմբվելու, հարցեր տալու, խորհուրդներ լսելու, ինչը կնպաստի հայրենիքի և սփյուռքի հզորացմանը»,- նշեց երգչուհին:

Նա շեշտեց՝ սա իր առաջին մասնակցությունն է.

«Պատիվ ունեմ որպես բանախոս մասնակցելու գագաթնաժողովին, իմ թեման սփյուռքի և Հայաստանի միջև զարգացող մշակույթի մասին է: Խոսելու ենք մեր արվեստի ձայնը լսելի դարձնելու կարևորության և անհրաժեշտության մասին:

Ես, ինչպես գիտեք, Թուրքիայում եմ ծնվել և առաջին իսկ օրվանից հայերեն եմ երգում: Մենք դարերով այդ հողում ենք ծնվել և ապրում, սակայն այնտեղ հայերեն երգեր չի հնչում և հասարակությունը չգիտի հայերեն երգերի մասին: Իմ նպատակներից մեկը հայերեն երգն այնտեղ հասու դարձնելն է»,- եզրափակեց  Սիբիլը:

 

  • Կիսվել: