Գլխավոր գիտաշխատողը 138 հազար դրամի փոխարեն 2025 թ-ի հունվարի 1-ից կստանա 552 հազար դրամ․ ԿԳՄՍ նախարար
2025-ին կբարձրանան գիտության աշխատակիցների աշխատավարձերը։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ունենք մինչև 300 տոկոսի աճ։ Օրինակ` եթե գլխավոր գիտաշխատողը մինչև հիմա ստանում էր 138 հազար դրամ աշխատավարձ, ապա 2025 թ. հունվարի 1-ից կստանա 552 հազար դրամ։ Սա միայն բազային ֆինանսավորումն է. եթե գիտաշխատողը թեմատիկ, դրամաշնորհային ծրագրերում է, նա նաև այդ ծրագրերից է ստանում հավելավճարներ ու վարձատրություն»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` մարդիկ կան, որոնք մասնավոր հատվածից վերադարձել են գիտության ոլորտ․ «Սա ինձ ուրախացնում է, քանի որ մի բան է, երբ գիտության մասին խոսում ես թվերով, նկարագրական տեքստերով, մեկ այլ բան է, երբ տեսնում ես այդ մարդկանց, որոնք շահառու են այդ ծրագրերի և իրենք են պատմում այդ ծրագրերի` իրենց վրա ունեցած ազդեցության մասին»։