շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին հուշագիր։ 

Ինչպես տեղեկանում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունից, հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մասնագիտական-փորձագիտական աջակցության և խորհրդատվության տրամադրման նպատակով։ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ հետազոտողները կունենան հնարավորություն ներգրավվելու պետական տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներում, իսկ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին կտրամադրվի աջակցություն արևելագիտության ոլորտում գիտական գործունեություն ծավալելու համար։ 

Երկու կառույցները կմշակեն և կիրականացնեն համատեղ նախագծեր արդիական հարցերի շուրջ, կկազմակերպեն գիտաժողովներ, ֆորումներ, սեմինարներ, ամառային և ձմեռային դպրոցներ, կլոր սեղաններ ու վարպետաց դասեր։ Նախատեսվում է նաև երկկողմ աջակցություն գիտավերլուծական աշխատանքների հանրայնացման հարցում:

 

  • Կիսվել: