շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Եսայի Ալթունյանը դարձել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Եսայի Ալթունյանը դարձել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Հայտնի ֆրանսահայ կոմպոզիտոր, երգիչ և պրոդյուսեր Եսայի Ալթունյանն արժանացել է ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչման (Chevalier de l'Ordre des Arts et des Lettres), որը Ֆրանսիայի ամենահեղինակավոր մշակութային պարգևներից մեկն է, հայտնել է ֆրանսահայ լրագրող Լիանա Մարգարյանը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Արվեստի, երաժշտության և մշակույթի բնագավառում ունեցած ակնառու ավանդի, ինչպես նաև հայկական ժառանգության հանրայնացման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված բազմամյա գործունեության համար Ալթունյանին պարգևը հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ և «Վերածնունդ» (Renaissance) կուսակցության ներկայիս գլխավոր քարտուղար Գաբրիել Ատալը։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, հայ համայնքի առաջնորդներ, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և ականավոր հասարակական գործիչներ:

Եսայի Ալթունյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում։ Նրա տատն ու պապը 1915 թվականի ողբերգական իրադարձություններից հետո հաստատվել են Ֆրանսիայում, որտեղ էլ նա արել է երաժշտական իր առաջին քայլերը։ 19 տարեկանում նա պայմանագիր է կնքել Sony France-ի հետ և դարձել Ideal-3 փոփ խմբի մենակատարը։ Ավելի ուշ հանդես է եկել «Ռոմեո և Ջուլիետ» և «Արև արքա» (Le Roi Soleil) բեմադրություններում, համագործակցել է կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ։

  • Կիսվել: