Բրյուսելում երկրորդ անգամ կայացավ հայկական տոնավաճառը
Բրյուսելի Իքսել համայնքի Ժորժ Բրյուգմանի հրապարակը կրկին վերածվել էր Հայաստանի մշակույթը, համերը, ավանդույթներն ու ստեղծարար ներուժը ներկայացնող կենդանի հարթակի։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող հայկական տոնավաճառն այս տարի առանձնացավ առավել լայն մասնակցությամբ, մեծաթիվ այցելուներով և զգալիորեն աճած հետաքրքրությամբ։
Եթե առաջին տոնավաճառը կարևոր սկիզբ էր Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիությունը Բելգիայում բարձրացնելու ճանապարհին, ապա այս տարվա տոնավաճառը դարձավ այդ նախաձեռնության կայացած և սպասված շարունակությունը։ Հազարավոր այցելուներ՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացիներ, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ և Հայաստանի բարեկամներ համախմբվել էին մեկ վայրում՝ բացահայտելու Հայաստանի մշակութային և տնտեսական ներուժը։
Օրվա ընթացքում հրապարակում իշխում էր հայկական ջերմ ու տոնական մթնոլորտը։ Այցելուները ծանոթացան հայկական գինիներին, ավանդական ուտեստներին, պանրի և քաղցրավենիքի տեսակներին, ձեռագործ աշխատանքներին, արվեստի նմուշներին և հայկական արտադրողների բազմազան առաջարկներին։ Երգը, պարը, գույները, բույրերն ու համերը Բրյուսելի սրտում ստեղծել էին Հայաստանի յուրահատուկ ներկայությունը՝ հասանելի և գրավիչ բոլոր այցելուների համար։
Միջոցառման ընթացքում Իքսելի շրջանի քաղաքապետ Ռոմեն դը Ռոզմը հիշեցրեց, որ նախորդ տարի առաջին հայկական տոնավաճառի ժամանակ խոսվել էր Իքսելում նոր ավանդույթ ստեղծելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ այսօր արդեն կարելի է ասել, որ այդ խոստումը կյանքի է կոչվել. Իքսելն այս տարի ևս սիրով հյուրընկալեց հայկական տոնավաճառը։ Քաղաքապետը նաև ընդգծեց, որ եթե նախաձեռնությունը շարունակվի նաև հաջորդ տարի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել Իքսելում հաստատված և կայացած ավանդույթի մասին։
Իր ելույթում Իքսելի փոխքաղաքապետ Ջուլի դը Գրոթը նշեց, որ Հայաստանն ու Բելգիան կապված են անցյալի, ներկայի և ապագայի ամուր թելերով։ Նրա խոսքով՝ այդ բարեկամությունը հատկապես տեսանելի է Իքսելում, որտեղ գտնվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, հայկական եկեղեցին, իսկ այժմ նաև հայկական տոնավաճառը՝ որպես Հայաստանի մշակույթն ու ստեղծարար ներուժը ներկայացնող նոր հարթակ։
«Այս տարվա միջոցառումը ոչ միայն մշակութային տոն էր, այլև կարևոր գործարար հարթակ։ Այն հնարավորություն տվեց հայկական արտադրողներին, ձեռնարկատերերին և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց արտադրանքը եվրոպական հանրությանը, հաստատելու նոր կապեր և ընդլայնելու համագործակցության հնարավորությունները։
Ներկայիս բարդ պայմաններում նման նախաձեռնությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ յուրաքանչյուր նոր շփում, գործընկերություն և շուկայի հասանելիություն կարող է իրական աջակցություն դառնալ հայկական բիզնեսների համար»,-իր խոսքում նշեց Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Հայկական տոնավաճառի նկատմամբ աճող հետաքրքրությունը վկայում է, որ Հայաստանը Բելգիայում և Եվրոպայում ներկայանալու մեծ ներուժ ունի ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու մշակույթով, այլև ժամանակակից արտադրանքով, որակով, ձեռներեցությամբ և նորարար մտածողությամբ։ Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայկական բրենդները կարող են արժանապատվորեն ներկայանալ միջազգային հարթակներում և գրավել տարբեր լսարանների ուշադրությունը։
Տոնավաճառը կազմակերպվել էր Բելգիայում Հայաստանի դեսպանության, Հայ-բելգիական առևտրի պալատի և Բելգահայ ռադիոյի համատեղ ջանքերով՝ Իքսելի քաղաքապետարանի աջակցությամբ։ Միջոցառման հաջող ընթացքը հնարավոր դարձավ մասնակիցների, ցուցադրողների, գործընկերների, կամավորների և բազմաթիվ այցելուների ակտիվ ներգրավվածության շնորհիվ։
Երկրորդ անգամ անցկացված հայկական տոնավաճառը դարձավ ոչ միայն Հայաստանի մշակույթի և արտադրանքի տոն, այլև վստահ քայլ՝ Հայաստանի ներկայությունը Եվրոպայում ավելի տեսանելի, ազդեցիկ և կայուն դարձնելու ուղղությամբ։ Այն հաստատեց, որ նման նախաձեռնությունները կարող են միավորել մարդկանց, ստեղծել նոր կամուրջներ և բացել նոր հնարավորություններ հայկական բիզնեսների ու Հայաստանի միջազգային ճանաչելիության համար։



