«ArtԱրվեստ» մշակութային կրթության ծրագրում ընդգրկված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի 150 դպրոց
Մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության կողմից։
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրում ընդգրկված են Երևանի և մարզերի ավելի քան 150 դպրոց, 900-ից ավելի մանկավարժներ և ավելի քան 2600 աշակերտներ։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում հրավիրված մամուլի ասուլիսով ազդարարվել է ծրագրի մեկնարկը: Ասուլիսի բանախոսները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ծրագրի ղեկավար, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, ծրագրի համակարգող, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ծրագրի հրավիրյալ մասնագետ Հայկ Մելիքյանը, ներկայացրել են միջոցառման բովանդակությունը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրն առանցքային նշանություն ունի և միտված է Երևան քաղաքի և մարզերի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժների դասավանդման հմտությունների կատարելագործմանը, մասնագիտական աճին, ինչպես նաև շնորհալի երեխաների ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ ուսումնամեթոդական այս ծրագիրն իրականացվում է տարիներ ի վեր, սակայն վերանայվել է բովանդակության արդյունավետությունը, և վերլուծությունների արդյունքում բարելավումների անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով մրցութային կարգով ընտրվել է ծրագիրն իրականացնող նոր կառույց՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը:
«Մշակույթի, արվեստի բոլոր ծրագրերում պետք է պարտադիր ունենալ կրթական բաղադրիչ, քանի որ չկա մշակույթ առանց կրթության և չկա կրթություն առանց մշակույթի։ Այս մոտեցումը նախարարության ռազմավարության կարևոր թիրախներից է: Վերանայելով նախկին ծրագիրը՝ ներդրվել է նոր մեթոդաբանություն, ներմուծվել են նորարարություններ, ուսուցիչների հետ աշխատելու նոր մոտեցումներ, նոր գրականություն, ուղեցույցներ, որոնք առավել կամրացնեն ծրագրի բովանդակությունը։ Արտասահմանյան կրթական մեթոդաբանության տեղայնացումը ևս բարենպաստ ազդեցություն կթողնի երեխաների մշակութային կրթության բարելավման և առաջընթացի վրա»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ մրցույթով ընտրված կառույցում ընդգրկված են մեծ փորձառություն ունեցող երաժշտական երկու քոլեջների տնօրենները։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ մոնիթորինգի արդյունքում պետք է ուսումնասիրել ուսուցման որակը տարբեր բնակավայրերում և մարզերում, որպեսզի հաջորդաբար գործնական աշխատանք տարվի նոր մեթոդաբանության ներդրման ուղղությամբ:
Դանիել Դանիելյանն ուրախությամբ ընդգծել է նաև, որ հանրակրթության և նախադպրոցական կրթության համակարգում վերջին տարիներին հաջողությամբ իրականացված «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի նմանությամբ Կառավարությունը նախաձեռնել է 100 երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մարզական դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման նոր ծրագիր։ Շենքային պայմաններին զուգընթաց՝ արվեստի դպրոցները կապահովվեն նոր բովանդակությամբ, կհամալրվեն երաժշտական գործիքներով, անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ առաջին արդյունքները կունենանք արդեն մոտ ապագայում:
Ծրագրի ղեկավար, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, ծրագրի համակարգող, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ծրագրի հրավիրյալ մասնագետ Հայկ Մելիքյանը ողջունել են ծրագրի մեկնարկի կապակցությամբ և կարևորել ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ այն կապահովի ուսումնական գործընթացի բարձր արդյունավետությունն ու կրթության որակի կայուն բարելավումը։



