Առաջարկվել է Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2026-27թթ. օրացույցում
Ապրիլի 2-17-ը կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի (ԳԽ) 221-րդ նստաշրջանը, որի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԳԽ կոմիտեների և հանձնաժողովների աշխատանքներին, համահեղինակեց անդամ երկրների կողմից առաջարկված որոշման նախագծեր, ելույթներով հանդես եկավ մի շարք օրակարգային կետերի վերաբերյալ, մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների հարցազրույցներին։
Գործադիր խորհրդի լիագումար նիստին Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով Կազմակերպության առաջնահերթություններին, Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը և Կազմակերպության մանդատի հետ անմիջական առնչություն ունեցող ոլորտներում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ելույթներով հանդես եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2026-2029թթ․ ծրագրային բյուջեի, Խաղաղությանը միտված կրթության ծրագրի, ՅՈՒՆԵԿՕ-ի մանդատի շրջանակներում Լիբանանում, Սիրայում, Գազայի հատվածում օգնության տրամադրման, ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության կրթական գործունեության շարունակականության և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։
Հայաստանի նախաձեռնությամբ նստաշրջանի օրակարգում ներառվեց Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օրվա հռչակման վերաբերյալ օրակարգային կետ։ Ավելի քան 130 պետության կողմից համահեղինակված որոշման նախագիծն ընդունվեց ԳԽ միաձայն որոշմամբ։ Անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվեց Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։
ԳԽ համապատասխան որոշմամբ Գլխավոր կոնֆերանսին առաջարկվեց Հայաստանի կողմից Լիբանանի և Կիպրոսի աջակցությամբ ներկայացված Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյա հոբելյանը և Ֆրանսիայի և Լիբանանի աջակցությամբ ներկայացված ականավոր հայ լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2026-2027թթ. օրացույցում:
Վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերին Սամարղանդում (Ուզբեկստան) կայանալիք Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանին։