չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ

Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Բաբաջանյանին ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Բաբաջանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: 

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նա համակարգելու է հանրակրթության և մասնագիտության կրթության ու ուսուցման ոլորտները:

Աննա Բաբաջանյանի կենսագրությունը

Աննա Բաբաջանյանը ծնվել է 1993 թ. սեպտեմբերի 15-ին Երևանում։

Սովորել է Երևանի Դ․ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։

Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։

2010-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։

2014-2016 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։

2017-2018 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։

Աննա Բաբաջանյանն ունի կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կրթական քաղաքականության մշակման, հետազոտությունների և դասավանդման ոլորտներում մասնագիտական փորձ։

2015-2017 թթ. աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 2016-2017 թթ. միաժամանակ դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում ( «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղ)։

2018-2019 թթ. ընդգրկված է եղել հետազոտությունների միջազգայնացման խթանմանն ուղղված C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, եղել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական, 2019-2020 թթ.՝ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։

2019-2022 թթ. որպես համակարգող փորձագետ՝ ներգրավված է եղել Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբում՝ (Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագիր)։ 2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան։

2021-2022 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնում համակարգել է HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագիրը։

2022 թվականին որպես ազգային խորհրդատու (Junior Consultant/Local Expert) ՄԱԿ-ի Հայաստանում համակարգողի գրասենյակի շրջանակում ներգրավված է եղել «Կրթության վերափոխման գլոբալ գագաթնաժողովի» (TES) աշխատանքներում։

2022-2026 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը։ 2023-2026 թթ. միաժամանակ եղել է «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Աննա Բաբաջանյանը մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստումների և հետազոտական ծրագրերի։

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Ամուսնացած է։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինա Թաթարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Նա համակարգելու է արտաքին կապերի, սփյուռքի, երիտասարդության և ռազմավարական ծրագրերի ոլորտները:

Քրիստինա Թաթարյանի կենսագրությունը

Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականին Ուկրաինայում՝ Կիևում։

Սովորել է Կիևի թիվ 51 միջազգային հարաբերությունների լիցեյում։

Բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։

2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։

2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ատենախոսության շրջանակում ուսումնասիրել է Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» ժողովածուի թարգմանության ստեղծագործության և լեզվական շերտերը։ Մագիստրոսական ուսումնառության ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը՝ կատարելով ստեղծագործության դրամատիկական ադապտացիա՝ քննադատական մեկնաբանությամբ։

Քրիստինա Թաթարյանն ունի մասնավոր, միջազգային և հանրային ոլորտներում աշխատանքային փորձ։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին «Ernst & Young» (EY) ընկերությունում։

2018-2019 թթ. աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում․ որպես փորձագետ՝ ներգրավված է եղել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարբեր ծրագրերում։

2019-2020 թթ. աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ՝ ներգրավվելով պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։

2021-2024 թթ. եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային «Asymptote Journal» հրատարակության Հայաստանի խմբագիրը։

2022-2026 թթ.  որպես գործադիր տնօրեն աշխատել է միջազգային բրենդների դիստրիբյուցիայով և շուկայի զարգացմամբ զբաղվող «Ա-Տրենդ»  ընկերությունում։

Տիրապետում է անգլերենին,  ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերեին և իսպաներենին։

Քրիստինա Թաթարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Կիսվել: