ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
27 մոնոներկայացում Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից. անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

27 մոնոներկայացում Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից. անցկացվում է «Արմմոնո» 23-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնը ներկայանում է բավական հագեցած ծրագրով ու մասնակիցների լայն աշխարհագրությամբ։ Նա ընդգծեց, որ «Արմմոնո» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով մոնոժանրի զարգացմանը Հայաստանում, խթանելով մշակութային երկխոսությունը և ամրապնդելով հայկական թատերարվեստի ներկայությունը միջազգային հարթակներում:

«Շատ կարևոր է, որ փոքր ֆորմատով մենք ցուցադրում ենք այն միտումները, որոնք կան ժամանակակից թատրոնում։ Այսինքն, մեր հանդիսատեսը հնարավորություն ունի տեսնելու, թե ուր է գնում ժամանակակից թատրոնը։ Ասեմ, որ բավական հագեցած ծրագիր ունենք, թատերասերները կարող են գտնել այն ներկայացումները, որոնք վստահաբար կսիրեն»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։ 

Այս տարի փառատոնին մասնակցում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Վրաստանից: Փառատոնի ընթացքում կցուցադրվի 27 մոնոներկայացում, որոնցից 7-ը՝ միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ),  Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):

Հայկական ծրագրում մասնակցում են դերասններ Ջիվան Սարգսյանը  «Արև, լուսին ու ծով», Արման Մաթևոսյանը «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը «Լույսին», Արմեն Արշալույսյանը «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը «Օդ՜», Նատալիա Հարությունովան «Հորը որոնելիս» ներկայացումնեով և այլն: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ ոգևորում է այն հանգամանքը, որ մարզային թատրոնները, դերասաններն իրենց ներկայացումներով ակտիվ մասնակցություն են ցուցաբերում։

«Շատ կարևոր է նման թատերական փառատոն ունենալը։ Աշխարհը գնում է մոնոներկայացումների, կամերային ներկայացումների ճանապարհով և մենք հետ չեն մնում այդ միտումներից։ «Արմմոնո»-ն 23-րդ անգամն է անցկացվում, իսկ դա նշանակում է, որ այն կայացել է ու հաստատուն քայլերով զարգանում է։ Ոգևորում է նաև այն հանգամանքը, որ փառատոնի շրջանակում ակտիվ աշխատանք է տարվում մարզային թատրոնների հետ ու փառատոնի շունչը տարվում է նաև հանրապետության այլ շրջաններ»,-ասաց նախարարի տեղակալը։ 

Ըստ նրա՝ մոնոներակայացման առավելությունն այն է, որ թատրոնից դուրս հնարավոր շատ վայրերում կարելի է այն խաղալ։ Դա նշանակում է, որ թատերական շունչը կարող են տանել նաև հեռավոր համայնքներ, ներկայացումներ խաղալ նույնիսկ բաց տարածքներում, մանավանդ, որ դրա փորձն արդեն կա։ 

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:  Փառատոնի պատվավոր հյուրը կլինի թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ)-ի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան (ՌԴ):  

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում:  

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217849?fbclid=IwY2xjawJ0Y-BleHRuA2FlbQIxMAABHjPd2dfqpQOod-48hinO8sVex-mxvhk99gpOMlD6307FBEswWxqQrZ8Id-Pp_aem_EShRZsHG4vkops0w-w7L8w

  • Կիսվել: