ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է՝ ինչպես նախորդող երկու տարիներին, այս ուսումնական տարին ևս ունենալու է խորագիր. այս տարին հայտարարվել է ընթերցանության տարի։

Այս մասին նախարարը հայտնեց օգոստոսի 28-ին կայացած  ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ  ամբողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն են դարձնելու երեխաների ընթերցանության խրախուսման ծրագրերին։

«Պետք է ասեմ, որ սա ունի հիմնարար նշանակություն երեխաների առաջադիմության և ցանկացած այլ առարկա սովորելու արդյունավետության տեսանկյունից։ Եվ այդ իմաստով ընթերցանությունը նախատեսված է նաև Կառավարության նոր ծրագրում՝ իբրև առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սա կօգնի, որ մենք այս ուղղությամբ ավելի թիրախային և նպատակային աշխատենք»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ տարին կմեկնարկի Գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ին։ Նախատեսվում է փառատոնի շրջանակներում ունենալ առանձին քննարկումներ՝ «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը» թեմայով։

«Մենք տարին բաժանել ենք տարբեր ամիսների՝ յուրաքանչյուր ամսվա շրջանակում նաև մեր դպրոցներին ուղղորդելով այդ թեմայի շուրջ ավելի մեծ ծավալի աշխատանք անելու։ Սեպտեմբերը կսկսենք մեր էպոսով և «Սասնա ծռերը» կլինի մեր դպրոցների համար հիմնական թեման՝ աշխատելու և ընթերցանության շուրջ աշխատանք տանելու համար»,- նշեց նախարարը։

Նա ներկայացրեց նաև տարվա ընթացքում նախատեսվող թեմատիկ ամիսները։ Հոկտեմբերը թարգմանական գրականության ամիս կլինի, նոյեմբերը՝ վեպի միջազգային ամիս, դեկտեմբերին կխոսվի դետեկտիվ գրականության մասին, հունվարին ուշադրության կենտրոնում կլինի դրամատուրգիան, փետրվարը նվիրված կլինի հեքիաթներին, մարտը նախատեսվում է որպես պոեզիայի միջազգային ամիս, ապրիլը կլինի մանկական գրականության ամիս, իսկ մայիսը՝ կենսագրականների, հուշագրությունների և մոտիվացիոն գրքերի ամիս։

«Փորձել ենք այնպես անել, որպեսզի տարվա ընթացքում գրականության տարբեր ժանրերը դառնան ավելի տեսանելի մեր երեխաների համար, և յուրաքանչյուրն իր նախասիրություններին համապատասխան կարողանա ընտրել իրեն հետաքրքիր գրքերը, հեղինակներին և դրանով իսկ ընթերցանության հետ իր կապն ամրապնդել»,- ասաց Անդրեասյանը։

Տարվա ընթացքում նախատեսվում են նաև ուսուցչական և աշակերտական համաժողովներ, որոնք տեղի կունենան հոկտեմբերին և նոյեմբերին և նվիրված կլինեն ընթերցանությանը։

«Այստեղ ուրախությամբ պետք է նշեմ, որ ԿԳՄՍ նախարարության ուժեղ կողմերից մեկն այն է, որ միանգամից մի քանի ոլորտների հետ համագործակցությամբ մենք կարողանում ենք ավելի արդյունավետ աշխատանք ապահովել։ Մասնավորապես, ընթերցանության տարվա ընթացքում ակտիվ ներգրավվածություն կունենան մեր գրադարանները և թանգարանները»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ Գրականության և արվեստի թանգարանի կողմից կիրականացվի առանձին կրթամշակութային ծրագիր՝ «Ինչ էին կարդում մեր գրողները» խորագրով։

«Նախատեսվում է նաև այցեր իրականացնել մեր տարբեր գրողների տուն-թանգարաններ՝ ուղեկցող համապատասխան տարիքային գրականության ընթերցանությամբ և միջոցառումներով։ Ծրագիրը կամփոփենք մրցույթով՝ ամենաշատ թանգարաններ հաճախած դասարանների համար։ Այսպիսով, նրանք հնարավորություն կունենան նաև իրենց աշխատանքի գնահատականը ստանալ»,- ասաց Անդրեասյանը։

Նախարանը նշեց նաև, որ ընթերցանության օլիմպիադան կանցկացվի ոչ միայն 5-6-րդ դասարանցիների համար, այլև միջին և ավագ դասարանների բոլոր սովորողների համար։ Միջին և ավագ դասարանների սովորողների համար, ըստ նախարարի, ձևաչափը կընտրվի էսսեի ձևով։

Անդրեասյանը նաև նշեց, որ նախարարության քաղաքականությունն է շարունակաբար համալրել դպրոցների գրադարանները նոր գրականությամբ։

«Մեր առաջիկա որոշումների մեջ կլինի դպրոցների ֆինանսավորման կարգի համապատասխան կարգավորումը, որով յուրաքանչյուր տարի դպրոցները հնարավորություն կունենան նոր գրքեր ձեռք բերել իրենց գրադարանների համար»,- ասաց նա։

 

 

  • Կիսվել: