շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը

Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատմությունը ներկայացնող «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932–2023 թթ.» գիրքը վերահրատարակվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը վերահրատարակվել է Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Նարինե Չարչյանի աջակցությամբ։ 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ գիրքը թատրոնի ավելի քան իննսունամյա պատմության ամբողջական տարեգրությունն է, որը մասնագիտական արժեք ունի և գիտական աշխատանքի մակարդակով է կազմված։

«Հայ թատրոնի պատմագրությունը ստացավ հրաշալի նվեր։ 2019 թվականին տիկին Կարինե Ալավերդյանի հեղինակությամբ հրատարակվել գիրքը հրատարակվել էր, սակայն Արցախի ողբերգական դեպքերից հետո Երևան հասավ ընդամենը երեք օրինակ։ Տիկին Կարինեն դիմեց մեզ այն վերահրատարակելու խնդրանքով՝ ներառելով նաև 2019-ից հետո եղած ժամանակահատվածը։ Մեր խնդրանքը սիրով ընդունեց տիկին Նարինե Չարչյանը, որի աջակցությամբ հնարավոր դարձավ գրքի տպագրությունը»,- նշում է Ղազանչյանը։ 

Նա տեղեկացրեց՝ հրատարակությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով թատրոնի վերջին տարիների գործունեությունը, փոփոխվել է նաև գրքի կազմը, որի շապիկին այժմ թատրոնի շենքի լուսանկարն է։ 

Գիրքը հասանելի կլինի Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ինչպես նաև մի շարք այլ հաստատություններում։ Այն նախատեսված է թատերագետների, ուսանողների, ինչպես նաև թատերական արվեստով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։ 

«Բազմիցս եղել եմ այդ թատրոնում, մասնակցել եմ նրանց ներկայացումներին, տոներին, հոբելյաններին և ամբողջ սրտով կարող եմ ասել՝ դա բացառիկ թատրոն էր։ Այդ պատմությունը մի հարվածով ջնջել հնարավոր չէ, և այս գիրքը վկայում է, որ այն կշարունակի ապրել սերունդների հիշողության մեջ», – ընդգծում է Հակոբ Ղազանչյանը։

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1219318?fbclid=IwY2xjawKL89RleHRuA2FlbQIxMABicmlkETFLbWFVOTRUUHlEZ1c3TlFwAR6EcQ34nmxfs-vDghzxGdobq5CLdZaNAHMPz7YXOrnhOLgVbjm0_0uadRCRzQ_aem_Y3omDw9GYip-SUuzr_g2-g

  • Կիսվել: