ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Վերաբացվել են Արցախի մանկապարտեզները

Վերաբացվել են Արցախի մանկապարտեզները

Այսօր լրանում է Արցախի շրջափակման 75-րդ օրը:

Շրջափակման պատճառով տևական ժամանակ փակ լինելուց հետո փետրվարի 23-ից բացվել են Արցախի մանկապարտեզները

Փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) վերսկսվել է ուսումնադաստիարակչական գործընթացը՝ հաշվի առնելով գազամատակարարման հերթական վերականգնումը և այդ հաստատությունների սննդի մատակարարման խնդիրների որոշակի լուծումը:

Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով Արցախի երկարօրյա ուսումնական հաստատություններում շարունակում են դադարեցված մնալ երկարօրյա կրթական ծրագրերը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ

Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:

Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Նիստի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով:
Նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովում մասնակցել է Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին

Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:
Արցախի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: