չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ուզում եմ ապրել, աշխարհին խնդրում եմ օգնել. Associated Press-ի անդրադարձը Արցախի ճգնաժամին

Ուզում եմ ապրել, աշխարհին խնդրում եմ օգնել. Associated Press-ի անդրադարձը Արցախի ճգնաժամին

Ուզում եմ ապրել, աշխարհին խնդրում եմ օգնել. Associated Press-ի անդրադարձը Արցախի ճգնաժամին

120.000 բնիկ բնակչությունը երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից գտնվում է լիակատար պաշարման մեջ. դեղերի և բժշկական պարագաների  պակասը սրում է կրիտիկական վիճակը։ 

«Արցախպրես»֊ի հաղորդմամբ` այս մասին գրում է ամերիկյան  Associated Press հեղինակավոր լրատվական գործակալությունը։

Աղբյուրը նշում է` այս հրատապ խնդրի լուծման համար Արցախի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների ավարտից շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան:

Ստեղծված սարսափելի իրավիճակը օրեցօր ավելի է սրվում՝ ստիպելով հիվանդներին ընտրություն կատարել հարկադիր տեղահանման և կենսական բժշկական օգնության սակավության պատճառով մահվան սպառնալիքի միջև: Արցախում պարբերաբար հեմոդիալիզ ստացող 41 հիվանդներից ԿԽՄԿ-ն արդեն տարհանել է 29-ին։

«Շուրջ երկու շաբաթվա ընթացքում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: Հեմոդիալիզի հնարավորության բացակայության պայմաններում հիվանդների օրգանիզմում կտրուկ կերպով կբարձրանա ազոտի մակարդակը՝ միջինը մոտ մեկ շաբաթից անխուսափելիորեն հանգեցնելով նրանց մահվան»,- նշել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ք. Ավագիմյանը:

«Ես պառկած հիվանդ եմ, տանը  խնամակալ ունեմ: Ես ուզում եմ ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ աշխարհին օգնել արցախցիներին, օգնել դիալիզ ստացող եւ մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երեւան բուժման նպատակով, որովհետեւ ես ուզում եմ սայլակին գամված մեռնել Արցախում եւ թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, ով շաքարային դիաբետի հետեւանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել եւ հինգ տարի շարունակ ստանում է հեմոդիալիզ:

Երբ երիկամների ֆունկցիայի ընկճումը դառնում է կյանքի համար վտանգավոր, որպես երիկամփոխարինող բուժումէ իրականացվում է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում: Այն կիրառվում է սուր եւ քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում, երբ երիկամներն այլեւս չեն կատարում իրենց գործառույթը։

Ադրբեջանի կողմից բացարձակապես արգելվում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի եւ բժշկական պարագաների մատակարարումը Արցախ: Դրա հետեւանքով խիստ անհրաժեշտ դեղատեսակների ու պարագաների սուր պակաս է զգացվում՝ հանգեցնելով մարդկային մահերի ու առողջական վիճակի վատթարացման։

Շրջափակման և դեղորայքի սուղ պակասի, թերսնման, սթրեսի,  վիրահատությունների և հետազոտությունների հետաձգման պատճառով, նախորդ տարվա հուլիս ամսվա  համեմատ, 2,6 անգամ աճել է սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը, իսկ 16 տոկոսով՝ քաղցկեղով հիվանդների մահացության դեպքերը։ Չորս անգամ աճել են վիժումների դեպքերը, կրկնապատկվել են ուշագնացության դեպքերը, իսկ հղիների մոտ անեմիան հասել է 90%-ի։

  • Կիսվել: