հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ատելություն իշխանության կողմից չկա, ընդհակառակը՝ կա հոգատարություն, խնամք ու աջակցելու պատրաստակամություն. Գալյան

Տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ատելություն իշխանության կողմից չկա, ընդհակառակը՝ կա հոգատարություն, խնամք ու աջակցելու պատրաստակամություն. Գալյան

Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից. լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով մետրոյում միջադեպին, երբ Փաշինյանը երեխայի ներկայությամբ բղավում էր արցախցի կնոջ վրա՝ պնդելով, որ նրանք «փախել» են։

«Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ չի ցանկանում որակումներ տալ՝ Արցախից տեղահանված կնոջ և երեխայի իրավունքների խախտում կա՞ր, թե՞ ոչ․ «Ես դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված, և կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը»։

Ճշտող հարցին՝ «Դուք ի՞նչ կանեիք, եթե այդ միջադեպից հետո վարչապետը ներողություն խնդրեր, ինչպես խնդրել է այդ կնոջից, արդյոք կներեի՞ք», Գալյանը պատասխանեց․ «Ես կմտածեի՝ ինչ անել և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթին, որը տեղի է ունեցել, և գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավելին չեմ կարող ասել»։

  • Կիսվել: