Ստեփանակերտում մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը
Ստեփանակերտի Ազգային ժողովի դահլիճում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նրա խոսքով՝ խորհրդաժողովի մասնակիցները եկել են Արցախ՝ ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենք անխոնջ աշխատելու են, որպեսզի ՀՀ-ն մնա հավերժական, հզոր, անվտանգ և զարգացող:
«Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ծնված ծաղկող Արցախի Հանրապետությունը բոլորի գուրգուրանքի առարկան պետք է մնա, որպեսզի այն զարգանա առանց զիջումների: Անհրաժեշտ է, որ բոլորս միասին աշխատնեք, որպեսզի արյամբ ու քրտինքով ձեռք բերված Արցախի ազատագրումը չմսխվի դիվանագիտական սեղանների շուրջ: Արցախի ազատագրումը, անկախացումը, և ի վերջո, Հայաստանին միացումը կարևորագույն առաջնահերթություն է ՀՅԴ-ի և Հայ դատի համար: Արցախով է, որ գործնական կդառնա ամբողջական մեր Հայաստանի տեսլականի առաջին կարևորագույն հանգրվանը: Արցախի գոյամարտով պիտի սնվի մեր երիտասարդությունը և նոր սերունդը՝ վկայելով, որ ժողովրդի մեջ անմար կմնան հեղափոխական սխրանքը, ազատատենչությունը և մեր իրավունքների հանձնառությունը: Մենք եկել ենք Արցախ՝ մեկ անգամ ևս շեշտելու, որ Արցախն ամեն գնով պետք է պաշտապնել, ապահովել միջազգային երաշխիքներ և այլն: Մենք այստեղ ենք, որպեսզի գտնենք միջոցներ, որպեսզի մեր Ջավախքի քույրերն ու եղբայրենը ամուր կառչած մնան իրենց հողին, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն և նրանց դիմագիծը չխաթարվի: Պիտի քննարկենք նաև պոլսահայության իրավունքների խնդիրը և օժանդակության հարցերը, հայրնիքից դուրս հայության խնդիրը և երիտասարդության ներգրավումը ՀՅԴ ծրագրերին: Ժամանակն է հաստատելու համազգային օրակարգ, որի շուրջ պետք է համախմբվի ողջ հայությունը և լծվի Հայ դատի սուրբ պայքարին»,-մասնավորապես ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Խորհրդաժողովին ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ասել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:
«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը, բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի»,- ավելացրել է Նախագահը:
Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքով՝ աշխարհով մեկ սփռված Հայ դատի հանաձնախմբերի և գրասենյակների նվիրյալները, բոլորից լավ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիության մայր ճանապարհըմ և այդ ուղին պետք է զերծ պահել օտարածին թափանցումներից և քաղաքական խարդավանքներից:
«Երեսուն տարի առաջ Դաշնակցությունը, զգալով վերահաս վտանգը, վերադարձավ Արցախ՝ կամավորի ազնիվ մղումներով, առաջինը նետվեց մարտի դաշտ ու պայքարի կոչ արեց: Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարակից մարտիկների մի ամբողջ բանակ, որովհետև նրանց համար կուսակցության գաղափարախոսությունը վեր էր ամեն ինչից ու, հանուն դրա, չխուսափեցին սեփական կյանքը նվիրաբերելուց: Զոհաբերության գնով կյանք առան հաղթանակները, Դաշնակցությունը անկախության գաղափարը դարձրեց հավատամք, դարձավ Ազատ Արցախի պետականակերտման անտրտունջ շինարարներից մեկը, և այսօր էլ շարունակում է: Հայ Դատի հանձնախմբերը, իրենց գործունեության կիզակետում պահելով Արցախի ճանաչման դժվարին առաքելությունը, նյութական ու մարդկային նվաստ միջոցներով՝ բայց նպատակի գիտակցումով օրնիբուն պայքարում են՝ ամեն պահի զգալով ադրբեջանական և թուրքական նենգ քարոզչության հարվածները: Նրանք չենք վախենում, նրանք պատմական ճշմարտությամբ են հակադարձում, չեն կաշառում մարդկանց, որ վերջիններս ամբիոններից ստեր բարձրաձայնեն: Նրանք կաթիլ առ կաթիլ մատուցում են ճշմարտությունը՝ հանուն արդարության: Այսօր ամփոփելու ենք արվածը և խոսելու անելիքների մասին»,- ասել է Դ. Իշխանյանը:
Խորհրդաժողովին, որը երկրորդ անգամ է անցկացվում Արցախում (առաջինը՝ 2016 թ-ին), մասնակցում են հայ դատի ավելի քան 30 հանձնախմբերի և գրասենյակների 50 ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: