Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն այսօր. անդրադարձ
Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը, չնայած Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրներին, շարունակում է աշխատել ամբողջ ծավալով:
Կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հաստատությունում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 անձ։
«Ամեն օր վերականգնողական կենտրոն են հաճախում «աուտիզմ» և «գլոբալ հապաղում» հիվանդություններ ունեցող 26 երեխաներ: Ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներին տնից բուժհաստատություն բերելն ու տուն տանելը կատարվում է կենտրոնին պատկանող տրանսպորտային միջոցով, իսկ մյուս երեխաներին ծնողներն են բերում: Այս օրերին գործում է նաև Մանկական առողջության կենտրոնը, որտեղ ամեն օր այցելում է 22 երեխա: Ընդհանուր առմամբ` օրվա ընթացքում մինչև 50 ամբուլատոր բուժվողների ենք ընդունում »,-տեղեկացրել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ շրջափակման պայմաններում անգամ վերականգնողական կենտրոնում շարունակում են կիրառել բուժման բոլոր մեթոդները, բացի ջրաբուժությունից. պատճառը գազի անկանոն մատակարարումն ու հաճախակի խափանումներն են:
«Կենտրոնի ամենամեծ խնդիրը, բնականաբար, ջեռուցումն է: Գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում ենք էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա: Բայց բոլորն էլ հասկանում են իրավիճակի լրջությունը, ըմբռնումով են մոտենում: Ունենք նաև արևային ջրատաքացուցիչներ, որոնք եղանակային բարենպաստ պայմաններում 100 տոկոսով են իրականացնում ջեռուցումը, իսկ ցուրտ օրերին՝ մասնակի»,-իրազեկել է մեր զրուցակիցը:
Վ. Թադևոսյանի հավաստմամբ` սննդամթերքի հետ կապված լուրջ խնդիրներ չունեն, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությամբ բավարար քանակությամբ սննդամթերք են ստացել:
«Պետք է ասեմ, սակայն, որ մրգի ու բանջարեղենի կարիք ունենք։ Մեզ մոտ բուժվողները օրական երեք անգամ սնունդ են ստանում: Այն ժամանակին պատրաստելու համար էլ տեղադրել ենք փայտի վառարաններ։ Շրջափակման պայմաններում շարունակում ենք նաև տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաներ մատակարարելով։ Տակդիրների և սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ մեր ամբողջ պահուստն արդեն սպառվել է։ Բայց տրամադրում ենք սնունդ ու հիգիենայի պարագաներ»,-մանրամասնել է Վերականգնողական կենտրոնի տնօրենը և հավելել` դեղորայքի խնդիր չեն ունեցել, որովհետև դեղորայքային բուժում` որպես այդպիսին, չեն իրականացնում։