երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

2024 թվականի մայիսի 26-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»:

Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:

Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:

www.swisspeacekarabakh.com հասցեով գործում է հանձնախմբի պաշտոնական կայքը։

  • Կիսվել: